Պատրուշևը կարեւորել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը
Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից։
Կողմերը ընդգծել են Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների առանձնահատուկ հարաբերությունները եւ ինտենսիվ շփումները: Երկուստեք կարեւորել են Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների եւ հատուկ ծառայությունների գծով փոխգործակցության զարգացումը:
Անվտանգային միջավայրի ապահովման համատեքստում Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայկական Զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին, այս հարցում կարեւորելով երկու երկրների Զինված ուժերի փոխշահավետ համագործակցությունը, հաշվի առնելով հարաբերությունների ռազմավարական եւ դաշնակցային բնույթը։
Իր հերթին Նիկոլայ Պատրուշեւը կարեւորել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր է դառնում բնականոն կյանքի վերականգնումը Լեռնային Ղարաբաղում: Նա նաեւ ընդգծել է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում հաստատվել է Հայաստանի եւ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջեւ 2021 – 2022 թթ. համագործակցության պլանը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում փոխադարձ այցերի իրականացման վերաբերյալ: