2011 թվականից հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Հերբի Հենկոկի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 30-ը հռչակել է Ջազի միջազգային օր:
Արդեն տասը տարի է Ջազի միջազգային օրվան միացել է նաև Հայաստանը: Նախաձեռնության հեղինակը Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն է, ով պատմել է 9 տարի շարունակ ապրիլի 30-ին ջազի սիրահարներին տոն նվիրելու նախաձեռնության, արված աշխատանքի, հաջողությունների մասին, և թե ինչպես է Ջազի միջազգային օրը 10-րդ անգամ նշվելու Երևանում:
"2011 թվականի աշնան վերջն էր, որ տեղեկություն տարածվեց, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշել է ապրիլի 30-ը հայտարարել ջազի միջազգային օր: Որպես երաժշտասեր մտածեցի ինչու ոչ, կարելի է այն նշել նաև Երևանում: Այդ ժամանակ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետն էի, առաջարկեցի քաղաքապետ Կարեն Կարապետյանին քաղաքապետարանի միջոցառումների ցանկում ամեն տարի ներառել Ջազի միջազգային տոնը՝ քաղաքին մշակութային ուրույն գույն տալու և երիտասարդներին ոգևորելու նպատակով: Ջազի միջազգային օրը նշելու հենց առաջին տարվանից էլ` 2012-ի ապրիլի 30-ից, Երևանը այդ ամսաթիվը դարձրեց ջազմենների ու ջազի սիրահարների հանդիպամն անփոփոխ օր: Վայրն էլ որոշվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հարակից պուրակը /Կասկադի պուրակը/",-նշում է նա:
Այս տարիների ընթացքում առիթներ են եղել համոզվելու, որ աշխարհի տարբեր անկյուններում ապրում են նաև այնպիսի հայ ջազմեններ, որոնք բավականին հայտնի են ու սիրված: Օրինակ, Մակեդոնիայում ապրող հայտնի Թավիջյան եղբայրները, որոնք մինչև այդ երբեք չէին էլ եղել Հայաստանում: Մովսեսյանի խոսքով, երբ առաջին անգամ տեսել է Տիրան և Կարո Թավիջյան եղբայրների համերգը համացանցում, շատ է տպավորվել: Ստացվում է, որ մենք ունեինք այդպիսի տաղանդավոր ջազմեն հայրենակիցներ, որոնց մեր երկրում նույնիսկ չէին ճանաչում:
"Կապվեցի նրանց հետ և սիրով համաձայնեցին գալ Հայաստան: Հենց Թավիջյան եղբայրներն էլ եղել են մեր առաջին միջազգային հյուրերը, որոնք եկան մակեդոնացի մի երաժիշտի հետ: Բավականին հետաքրքիր տրիո էր: Նրանց համար կարծես բացահայտում էր Հայաստանը, մենք փաստորեն նպաստեցինք, որ հայ երաժիշտները կապվեն հայրենիքի հետ, ճանաչեն այն: Երևան այցի ընթացքում նույնիսկ ցանկություն հայտնեցին կատարել Կոմիտասի գործերից` ջազային մշակումներով: Հրաշալի համերգ էր, ոգևորված գնացին: Ի դեպ Թավիջյանները հրաժարվեցին իրենց հոնորարից` նշելով, որ սա իրենց հայրնիքն է և չեն կարող գումարի դիմաց ելույթ ունենալ: Այդ հանդիպումը մեզ էլ ոգևորեց և որոշեcինք, որ ամեն անգամ ապրիլի 30-ին պիտի պարտադիր արտերկրից մի երաժիշտ հյուր ունենաք",- ասում է նա:
Անցած տասը տարիների ընթացքում Ջազի միջազգային օրը բազմաթիվ հայտնի ջազմեններ են եկել Երևան` Ռիչարդ Բոնանն, Չիկո Ֆրիմանը, դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբան, դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Մանուկյանը: Օրինակ, բասկիթառահար Ռիչարդ Բոնանի հետ բավականին երկար բանակցություններ են ընթացել, քանի որ նա երբեք Հայաստանում չէր եղել և ծանոթ էլ չէր մեր երկրին: Առաջին հանդիպումը եղել է 2015 թվականին «Yerevan Jazz Fest»-ի ժամանակ, որից հետո էլ հրավիրել են նաև Ջազի միջազգային օրը:
"Քանի որ շրջել էր Հայաստանում, ծանոթացել ճատրարապետական գոհարներին, հայկական խոհանոցին, ջերմ հյուրընկալությանը, մեկնելուց առաջ ասաց` չէր կարող պատկերացնել, որ այսպիսի փոքր երկիրը կարող է նման հարուստ մշակութային ժառանգություն ունենալ: Իր համար բացահայտել էր Կոմիտասի երաժշտությունը և թույլտվություն էր խնդրում Կոմիտաս կատարել: Երևանում իր ելույթի ժամանակ ներկայացրեց Կոմիտասի «Լորիկը»՝ իր մեկնաբանությամբ: Աշխարհի լավագույն բասկիթառահարներից մեկը, որ ապրում է ԱՄՆ-ում, սիրահարվել էր Կոմիտասի երաժշտությանը: Այդպիսի տպավորությունից հետո դժվար չէր նրան Ջազի միջազգային օրը հրավիրել Երևան, այն դեպքում, երբ այդ օրը ջազ երաժիշտները բավականին պահանջված էին ամբողջ աշխարհում",- պատմում է Մովսեսյանը:
Ջազի միջազգային օրվա կապակցությամբ Երևան է եկել նաև «Գրեմմիի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, ում հետ ևս ծանոթացել են «Yerevan Jazz Fest»-ի շրջանակում: Ռուբալկաբան աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկն է:
Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջազի գրասենյակն արձանագրել է, որ ապրիլի 30-ին` Ջազի միջազգային օրը, բավականին ակտիվ նշվում է Երևանում:
"ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջազի գրասենյակի ղեկավար Հերբի Հենկոկի կողմից մենք նույնիսկ շնորհակալական նամակ ստացանք: Շնորհակալություն էին հայտնում, որ Հայաստանը միացել է Ջազի միջազգային օրվան և այդպիսի շուքով է նշում` նպաստելով ջազի տարածմանը: Նշեմ, որ Երևանից բացի նաև Գյումրին էր միացել այդ տոնին":
Այս տարի Ջազի միջազգային օրը կնշվի ոչ թե Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հարակից պուրակում, այլ Սիրահարների այգում: Ջազի սիրահարները ջազի այգում կհանդիպեն բոլոր հայտնի հայ ջազմեններին, ելույթները միաժամանակ մի քանի հարթակներում կլինեն: Հանդիսատես-բեմ սահմանը չի լինի, երաժշտասերները հնարավորություն կունենան հանգիստ շփվելու իրենց սիրելի կատարողների հետ: Այս անգամ, հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակն ամբողջ աշխարհում, արտերկրից հյուրեր չեն լինի:
Ջազի սիրահարներն ապրիլի 30-ին, ժամը 17:00 հրավիրվում եմ Սիրահարների այգի` ներկա լինելու ջազի տոնին: Մուտքն ազատ է լինելու: