25.11.2024
Մայր Աթոռը դատապարտում է Բաքվում «Ռազմավարի զբոսայգու» բացումը
prev Նախորդ նորություն

Երբ իմացա, որ Հադրութն այլևս թշնամունն է, մանկությունս ավարտվեց. Ժասմին Հայրապետյան

Ժասմին Հայրապետյանը 14 տարեկանում արդեն 3 գրքերի հեղինակ է։ Ծնունդով Արցախի Հադրութ քաղաքից է։ Այնտեղ են մնացել նրա հայրական տունը, տատիկ-պապիկի գերեզմանները, նրա մանկության այգին, խաղալիքներն ու հիշողությունները։

Ժասմին Հայրապետյանն այսօր Հայաստանում միակ երեխան է, ով 14 տարեկանում արդեն 3 գրքերի հեղինակ է։ Նրա «Սուպեր Նռանե» ֆանտաստիկ վիպակը, որն, ի դեպ, սկսել է գրել 11 տարեկանում, դարձել է բեսթսելեր։

Հազարավոր երեխաներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, ձեռք են բերել ու շարունակում են ամենօրյա ռեժիմով ձեռք բերել այդ գիրքը։ Երևան քաղաքի և շրջանների տասնյակ դպրոցներում ու գրադարաններում «Սուպեր Նռանե» գրքի քննարկումներ և հեղինակի հետ հանդիպումներ են կազմակերպվել, գրքի արևմտահայերեն տարբերակի շնորհանդեսը տեղի է ունեցել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, այս պահին գիրքը թարգմանվում է նաև ռուսերեն լեզվով։


«Նռանեն ինձ համար հայ աղջկա, հայ կնոջ հավաքական կերպարն է՝ հայրենասեր, ինքնավստահ, երազող, նպատակասլաց, սիրող, ներող ու քաջ։ Ես այդպիսինն եմ տեսնում այն հայ աղջկան, ով տղամարդու հետ թիկունք –թիկունքի տված փրկում է մեր երկիրը»,- ասում է Ժասմինը։


Մի քանի օր առաջ լույս է տեսել հայ-սուպերհերոսուհու մասին այս սիրված պատմության արդեն երրորդ մասը։ Եվ իհարկե, պատահականություն չէ, որ այս անգամ պատմության հիմքում Արցախում ու Հայաստանում տիրող իրավիճակն է։ Այս անգամ էլ «Մութ ու չար ուժերը» մեծ ու հզոր հարձակում են գործել «Բարու և լույսի» աշխարհի վրա։ Նրանք իրենց ճանապարհին չեն խնայում ոչ ոքի ու ոչինչ․ ավիրում են քաղաքներն ու գյուղերը, սպանում ու գերևարում են մարդկանց։

Նռանեն ու Գոդը կրկին պայքարի մեջ են, սակայն այս անգամ պայքարը շատ ավելի դաժան է, որովհետև «Բարու և լույսի աշխարհը» ներսից ճաք է տվել ․ Պարզվում է, որ մարդիկ կորցրել են, մոռացել են հինգ կարևոր արժեքների մասին, որի պատճառով էլ թուլացել է բարության աշխարհի էներգետիկ դաշտն ու ներսում դավաճաններ են հայտնվել։


Հատկանշական է, որ հայ-սուպերհերոսուհին չար ու մութ ուժերի դեմ պայքարում է հայկական սիմվոլներով՝ Ծիրանի կորիզ, «Նարեկ» , Նռան հատիկներ, Արցախյան «Արծվագորգ» , Մասիս սարը, Արարտի վրայի Հակոբաց աղբյուրի ջուրը, Հայկական արծիվը, դուդուկը և այլն։


Ժասմինը միայն մեկ երազանք ունի․ ուզում է բարբարոսներից ազատագրված տեսնել իր Հադրութը, ուզում է վերդառնալ, մտնել հայրենի տունը, գրկել լեռները, շնչել մաքուր օդը, այցելել տատիկի ու պապիկի գերեզմաններին։


«Մտածում եմ՝ տեսնես մեր ընտանեկան ալբոմներն ի՞նչ եղան, իմ մանկության խաղալիքներն ի՞նչ եղան, մեր տունը մնո՞ւմ է, թե՞ վառել են, իմ հիշողությունները մնո՞ւմ են, թե՞ թալանել տարել են: Երբ իմացա, որ Հադրութն այլևս թշնամունն է՝ այդ պահին իմ մանկությունն ավարտվեց։ Տեր լսիր մեր ձայնը․․․»,- հավելում է նա: