Լավրովը զգուշացրել է Թուրքիային չսնուցել Կիևի ռազմատենչ տրամադրությունները
Ռուսաստանը Թուրքիային եւ այլ երկրներին նախազգուշացնում է չսնուցել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է EADaily-ն:
Կիևի ռեժիմը կարող է գնալ անխոհեմ գործողությունների, և դա կարող է վատ ավարտ ունենալ նրա համար, նշել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։ «Սեւ ծովում ԱՄՆ-ի նավերի անցումներն ուղեկցվում են ագրեսիվ հռետորաբանությամբ, Մոսկվան չի հասկանում, թե ինչ նպատակներ է հետապնդում Վաշինգտոնը Ուկրաինայում», - ասել է Սերգեյ Լավրովը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 10-ին բանակցություններ է վարել ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, որն այցով գտնվում էր Ստամբուլում: Կողմերը կողմ են արտահայտվել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարին, մասնավորապես դաշինքին անդամակցության վերաբերյալ Գործողությունների ծրագիր ստանալու նրա մտադրությանը:
Բացի այդ, Էրդողանը հայտարարել է, որ աջակցում է, այսպես կոչված, «Ղրիմի պլատֆորմին», Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Նրա խոսքով՝ Անկարայի սկզբունքային դիրքորոշումը Ղրիմի «անեքսիան» չճանաչելն է։
Ավելի վաղ թուրքական կառավարամետ Yeni Şafak թերթում լույս էր տեսել խմբագրական հոդված, որում ասվում էր, որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն Անկարային դրդում են «մահացու ընտրության» Սեւ ծովում՝ ստիպելով պատասխանել այն հարցին, թե «դուք մեզ հետ ե՞ք, թե՞ Ռուսաստանի հետ»: