28.11.2024
ՀՀ ՊՆ. անկանոն կրակահերթ հայ դիրքապահների ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Քննարկումներ Կասպշիկի հետ Երևանում. ուշադրության կենտրոնում Ղարաբաղն է

Մայիսի 26-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը զրուցել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Քննարկվել են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում անցկացված դիտարկման մանրամասները:

Հայաստանի արտգործնախարարության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին է ներկայացրել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում անցկացված դիտարկման մանրամասները։ «Զրուցակիցները քննարկեցին Վիեննայում մայիսի 16-ին կայացած գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ համաձայնության իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը», - ասված է հաղորդագրությունում:

Նույն օրը Սեյրան Օհանյանը Անջեյ Կասպրչիկի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին շրջանում տիրող իրավիճակը:

«ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին վստահեցրել է, որ հայկական կողմը հավատարիմ է մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին: Սեյրան Օհանյանը նշել է, որ ՀՀ զինված ուժերը և, ՊԲ հրամանատարի հավաստմամբ, նաև ԼՂՀ պաշտպանության բանակը, անվերապահորեն սատարում են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործմանը, դրանց իրականացման մոնիտորինգի առաքելության ընդլայնմանը, առաջնագծում և պետական սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը», - ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտնել էր, որ ադրբեջանական կողմի հետ նախատեսված է հանդիպում անցկացնել հունիսի սկզբին, սակայն ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները կվերսկսեն, երբ Բաքուն կատարի Վիեննայում նախագահների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները: «Եթե այդ պայմանները ստեղծվեն, կյանքի կոչվեն պայմանավորվածությունները, այսինքն բացառվեն նոր զարգացումները, ինչպիսիք եղան ապրիլի սկզբին, ապա հնարավոր կլինի սկսել այդ բանակցությունները: Այս պահին ջանքեր են գործադրվում հենց այս ուղղությամբ»,-ասել է Նալբանդյանը:

Վիեննայում մայիսի 16-ին կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքում ձեռք բերվեցին համաձայնություններ շփման գծում հրադարադրի ռեժիմի խախտման քննությունների մեխանիզմների ներդրման, նույն այդ շփման գծում մշտադիրտարկում անցկացնող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայցուցչի գրասենյակի կորողությունների հզորացման եւ Կարմիր Խաչի միջոցով գերիների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ: Կողմերը նաև հայտարարեցին, որ հավատարիմ են 1994-95 թթ. կնքված հրադադրի մասին համաձայանգրերին: