Բացի այն, որ լիցենզիա են տալիս բանկերին, ամեն քայլը վերահսկում, հիմա էլ հաճախորդների մասին տեղեկություններն են կենտրոնացնու՞մ ԿԲ-ում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդյունաբերության նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, որի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Վավերացնե՞լու եք...
Բանկային հաշիվների կենտրոնացված ռեե՞ստր, լու՞րջ...
Ավելի ազնիվ չի լինի՞ հայտարարել, որ այլևս Հայաստանում մասնավոր բանկեր չկան, և որ` բոլոր մասնավոր բանկերն այսուհետ ԿԲ-ի մասնաճյուղերն են:
Ի՞նչ կենտրոնացված ռեեստր, ինչի՞ համար...
Ի՞նչ են ուզում բանկերից, թե՞ ևս մեկ չփլուզված համակարգ են գտել:
Այդ ո՞ր տեղեկություններն են, որ օրենքի պահանջով երբևէ բանկերը մերժել են, ուշացրել են, կամ հրաժարվել են տրամադրել: Գեթ մեկ նման դեպք առկա՞ է: Կամ` Հայաստանյան բանկերով փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման քանի՞ դեպք է արձանագրվել:
Այսինքն` բացի այն, որ լիցենզիա են տալիս բանկերին, ամեն քայլը վերահսկում, հիմա էլ հաճախորդների մասին տեղեկություններն են կենտրոնացնու՞մ ԿԲ-ում:
Հայտնի չէ, գիտակցված են անում, թե` ոչ, բայց որ ներդրումների այս հատվածով կարելի է այլևս չանհանգստանալ, դա` փաստ է, որովհետև դրանք վերջնական զրոյանալու են: Չի կարելի բացառել նաև` որոշ ներդրումների հնարավոր փախուստը:
Հետաքրքիր է` Հայաստանյան մասնավոր բանկերը համաձա՞յն են, որ իրենց բոլոր հաճախորդների բանկային հաշիվների մասին ամբողջական տվյալները ԿԲ-ում կենտրոնանան, և այնտեղ նստած որևէ ՏՏ մասնագետ, ինչ ցանկանա, երբ ցանկանա, ում ցանկանա` մի հատ «ֆլեշկա»-ով փոխանցի:
Թե՞ թուրքական հատուկ ծառայությունների և այլ մեղմ ասած` ոչ այնքան բարեկամ կազմակերպությունների համար «Մեկ պատուհանի սկզբունք» են ապահովում:
Հիմնավորումն էլ` «կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրից է...», մենք մեղք չունենք: Անունը դնում են «կոռուպցիայի դեմ պայքար», և սուզվող երկրի գլխից ևս մի ծանր գործիքով սեղմում դեպի հատակը: Դա բավարար չէ, մի բան էլ լրացնում են, թե իբր` «...նորարարական գաղափարների...» համար հող ենք նախապատրաստում: Հետաքրքիր է, որ գաղափարների` տոտալ գլոբալիստակա՞ն...
Իսկ երկրի ֆինանսական անվտանգությու՞նը, իսկ բանկային գաղտնի՞քը, իսկ մասնավոր բանկերի ինքնուրույնությունն ու նրանց տարածաշրջանային մրցունակության ապահովումը: Սրանք անպետք և անկարևոր գործառույթներ ե՞ն: Ժամանակին տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածվելու հավակնություններ կային, ի՞նչ եղան:
Աշխարհով մեկ փող լվացողներն են անհա՞յտ, թե՞ ահաբեկչություն ֆինանսավորողները: Անհա՞յտ են, հաստա՞տ... Թուրքիան ու Ադրբեջանը այլևս չկա՞ն...
Տեղեկություններ չունե՞նք, տեղյակ չե՞նք...
Պատերազմներն ովքե՞ր են հրահրում, ովքեր են փողեր լվանում, ֆինանսավորում, անհա՞յտ են` Մարս մոլորակի՞ց են: Իսկ միգուցե պայմանական «Բիթքոյնը» չի վերահսկվում նրանց կողմից, ովքեր փաստացի հովանավորում են այդ ամենը:
Լավ, ինչքա՞ն կարելի է ձև անել...
Նաև` հեղինակներին հիշեցրեք, որ Հայաստանը ոչ Մալթա է, ոչ Չեխիա է, ոչ Իսպանիա է, ոչ էլ` առավել ևս` Ֆրանսիա, կամ Ավստրիա:
Եթե աչք ծակող այլ տարբերությունները մի կողմ թողնենք, ապա` կարելի է ընդգծել, որ համենայն դեպս, նշված երկրները վերջին երեք տարում ինքնաոչնչացման ուղին չեն բռնել, և իրենց պետություններն այսչափ չեն խարխլել:
Եվ կարիք չկա պարբերաբար փորձել սեփական արտադրության «Երազ»-ի վրա «Ռոլս Ռոյսի» շարժիչ հարմարեցնել:
Կամ մտածված վատ բան են անում, կամ էլ հոգնել են տղաները` ակնհայտ տեղապտույտի մեջ են»: