Ռուսաստանում կարող է SWIFT վճարային համակարգի այլընտրանք հայտնվել. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանում կարող է հայտնվել վճարային SWIFT համակարգի այլընտրանքը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Հաշվի առնելով թվային արժույթների եւ բլոկչեյնի արագ զարգացումը, ակնհայտ է, որ Միջազգային հաշվարկների բազան կարող է ձեւավորվել բոլորովին նոր տեխնոլոգիական հիմքի վրա», - նշել է նա:
Փոխնախարարի խոսքով՝ SWIFT-ին այլընտրանքային համակարգերի զարգացումը, որոնք կլինեն ավելի առաջադեմ եւ չեն հավակնի այդ ոլորտում մենաշնորհին, «ոչ միայն արձագանք է ստեղծված աշխարհաքաղաքական իրականությանը, այլեւ պատասխան վճարումների իրականացման մեթոդների արդիականացման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով թվային ոլորտում ժամանակակից առաջատար ձեռքբերումները»:
SWIFT-ը տեղեկատվության փոխանցման և վճարումների իրականացման միջազգային միջբանկային համակարգ է։ Դրան միացված են ավելի քան 11 հազար խոշորագույն կազմակերպություններ շուրջ 200 երկրներում։
Անցյալ տարվա վերջին Reuters գործակալությունը հաղորդել էր, որ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տարբեր տարբերակներ՝ ամերիկյան կառավարական հաստատությունների վրա կիբեռհարձակումներին նրա ենթադրյալ մասնակցության համար: Առավել խիստ միջոցներից մեկը SWIFT-ից անջատումն էր։
Ինչպես հայտարարել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, դա հնարավոր է, բայց Ռուսաստանն ունի գործողությունների պլան: