ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը խուսափել է պատասխանել հարցին թե արդյոք պատերազմի ժամանակ կիրառվել է «Իսկանդեր»: «Ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ հրապարակման ենթակա չի», - ասել է նա այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում:
Անցյալ տարվա նոյեմբերին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ «Իսկանդեր» օպերատիվ տակտիկական հրթիռային համալիրներն օգտագործվել են պատերազմի վերջին օրերին։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այս տարվա փետրվարին հարցազրույցներից մեկում նշել էր, որ համալիրներից կրակել են Շուշիի ուղղությամբ։
Թեման զարգացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո, որում նա ասել էր, թե «հրթիռները պայթել են 10 տոկոսով»։ Հայտարարությունը քննադատության է արժանացել ռուսաստանյան քաղաքական և փորձագիտական շրջանակներում, իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ «պարոն Փաշինյանին, հավանաբար, մոլորեցրել են․ «Իսկանդերը» հակամարտության ժամանակ չի կիրառվել»։
Ավելի ուշ Կրեմլը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրակացության, որ «իրեն սխալ են զեկուցել «Իսկանդերների» մասին»։ Կրեմլին այս պարզաբանումը բավարարել է։
Օրեր առաջ սակայն Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) ներկայացուցիչը հայտարարեց, որ հայկական կողմը 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ընթացքում օգտագործել է «Իսկանդեր» հրթիռային համալիրներ։ Ադրբեջանի ականազերծման գործակալության ներկայացուցչի խոսքով՝ ստուգման ընթացքում տարբերակիչ համարով (9Մ723) մասնագետները պարզել են, որ դրա բեկորները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրին:
Լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԶՈւ ԳՇ պետը նաև խոսել է տարածաշրջանում իրավիճակի մասին: «Ընդհանուր առմամբ տրածաշրջանում իրավիճակը բվականին լարված է. մեր սահմաններին հարաբերական կայունություն է, միջադեպեր որպես այդպիսին գրեթե չեն կիրառվում, սակայն ընդհանուր լարվածությունը, որը կա, շարունակվում է եւ դա ազդեցություն է ունենում եւ սահմանային ծառայության, եւ ընդհանուր մեր առօրյա կյանքի վրա», - ասել է Արտակ Դավթյանը: