27.11.2024
Զգուշացում՝ քարտից գումար են քաշում. ֆիշինգային հարձակում Viber-ի ու List.am-ի միջոցով
prev Նախորդ նորություն

Հայաստանում առավել դրական վերաբերմունք է վայելում ՄԻՊ-ը. Gallup-ի հարցումը

Հայաստանում առավել դրական վերաբերմունք կա Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի նկատմամբ։ Այս մասին մարտի 31-ին հայտնել է Gallup International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով Gallup-ի վերջին հարցման արդյունքները։


Նրա խոսքով, 5-բալանոց սանդղակով օմբուդսմեն Արման Թաթոյանն ունի 3.7 միավոր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2,7 միավորով երկրորդ տեղում է: Այնուհետեւ գալիս են նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2,4 միավոր, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ 2,1-ական միավոր։


Եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի, ապա հարցվածների 31,7 տոկոսը կքվեարկեր «Իմ քայլը» դաշինքի օգտին: Ռոբերտ Քոչարյանի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 5,9%-ը, «Բարգավաճ Հայաստանը»՝ 4,4% –ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 2,7%–ը, ՀՀԿ-ն՝ 2,4%-ը, ՀՅԴ-ն՝ 2,1%-ը։


Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 1 տոկոսը, «Սասնա ծռեր» և «Հայրենիք» կուսակցությունների օգտին՝ 0,4 տոկոսը: Ոչ մեկի օգտին չեն ցանկանում քվեարկել հարցվածների 24,6 տոկոսը, եւս 20 տոկոսը դժվարացել է պատասխանել:


«Իշխանությունները արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելո՞ւ են» հարցին ի պատասխան հարցվածների 35,5 տոկոսը պատասխանել է` «այո»։ 9 տոկոսը կարծում է, որ «ավելի շուտ այո, քան ոչ»։ «Միանշանակ ոչ» է համարում 29,7 տոկոսը, իսկ 13,4 տոկոսը կարծում է, որ «ավելի շուտ՝ ոչ»։ Հարցվածների 12,5 տոկոսը դժվարացել է պատասխանել։


Ընտրություններին մտադիր են մասնակցել հարցվածների 41,2 տոկոսը: Եվս 10,7 տոկոսը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի։ Մոտ 15%-ը դժվար թե մասնակցի, իսկ 15,9%-ը հայտարարել է, որ միանշանակ չի քվեարկելու։


Հետազոտությունն անցկացվել է 2021 թվականի մարտի 26-29-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցումների միջոցով: Հարցմանը մասնակցել է 801 մարդ Հայաստանի ողջ տարածքում։