26.11.2024
Պետք է պատրաստ լինենք որոշակի համագործակցային տրամաբանության. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ամպեր են կուտակվել, իսկ մենք քննարկում ենք ընտրություններ կազմակերպելու հարցը. Մինասյան

Ամբողջ աշխարհը եռում է, ամպեր են կուտակվել մեր ամբողջ տարածաշրջանի, մեր հայրենիքի վրա, իսկ մենք քննարկում ենք՝ թույլ տալ արդյոք այս հանցագործին Հայաստանում արտահերթ ընտրություններ կազմակերպել: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Հարավային Կովկասը հերթական անգամ վերածվել է աշխարհաքաղաքական մարտերի ասպարեզի: Դրան նպաստում են իրադարձությունները, որոնք զուգահեռ զարգանում են երեք հարթություններում: Առաջին՝ տեղական հարթությունը, Ղարաբաղյան երրորդ պատերազմն է եւ դրանից հետո ստեղծված իրավիճակը:


Երկրորդը` ընդլայնված տարածաշրջանային մակարդակն է, որը ներառում է Միջերկրական ծովի արեւելքից մինչեւ Մերձավոր Արեւելքը` իր դերակատարներով, շահերով եւ հակամարտություններով: Եւ երրորդ՝ գլոբալ հարթությունը Ռուսաստանի-ԱՄՆ (կամ Արեւմուտք-Ռուսաստան) լարվածության մակարդակի բարձրացումն է: ԱՄՆ-ի եւ Իրանի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում առանձնահատկությունները եւ դրանց զարգացման սպասումները յուղ են լցնում կրակին:


Նման իրավիճակները պարունակում են եւ՛ մարտահրավերներ, եւ՛ հնարավորություններ ցանկացած երկրի համար՝ կախված դրա թափից, նշանակությունից եւ այլն: Բայց այստեղ կա մի կարեւոր «բայց»: Որպեսզի հայտնվի դրանցից արդյունավետ օգտագտվելու որեւէ հնարավորության կամ հավանականություն, պետք է անհրաժեշտ պայմաններ լինեն՝ երկիրը պետք է լինի կանխատեսելի եւ հասկանալի գործընկեր, պետք է ազնիվ եւ վստահելի հարաբերություններ ունենա դաշնակիցների հետ, պետք է ունենա սկզբունքներ եւ արժեքներ: Եւ, իհարկե, երկիրը պետք է ունենա իշխանություն, որն ունակ կլինի ապահովել վերոհիշյալը, ունենա իրական, այլ ոչ թե ֆորմալ լեգիտիմություն եւ ունենա սուբյեկտություն, որպեսզի կարողանա իր պետության առաջնահերթությունները կյանքի կոչել:


Եւ, վերջապես, այս իշխանությունը պետք է հարգված լինի՝ ինչպես դրսում, այնպես էլ երկրի ներսում: Եւ վերն ասվածից պարզ է դառնում, որ նիկոլյան Հայաստանն ունի եւ ունենալու է զրո հնարավորություններ, զրո գործիքներ՝ հնարավորությունների իրականացման համար, եւ մարտահրավերների այնպիսի ներկապնակ, որոնք կարող են կասկածի տակ դնել մեր երկրի գոյությունը որպես այդպիսին: Սա է մեր այսօրվա ողբերգությունը: Իրադարձությունների այսպիսի պատկերի դեպքում նույնիսկ առաջին հայացքից դրական թվացող նորությունները խորը մտահոգության տեղիք են տալիս: Դրա վառ օրինակը 10 օր առաջ Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության թեմայով ազդանշաններն էին: Եւ այստեղ էլ մի շարք հարցեր են ծագում:


Կարեւոր է արդյոք մեզ համար ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Միանշանակ՝ այո: Կա՞արդյոք վստահություն, որ ԱՄՆ-ում գործընթացը գնում է այդ ճանապարհով: Ո՛չ։ Կան վարչակազմի ներկայացուցիչների կողմից հնչեցված ոչ այնքան հստակ հաղորդագրություններ: Ինչպիսին են այս գործընթացի տեսանելի եւ ստորջրյա նպատակները, եւ որոնք պետք է լինեն մեր պատասխան քայլերը, եւ ունա՞կ են արդյոք Հայաստանի իշխանությունները պատասխանել այն հարցին, թե ինչու հենց հիմա ԱՄՆ ղեկավարը սկսեց քննարկել այս թեման: Պատասխանը նույնն է` միանշանակ ոչ: Բայդենը աշխարհին խոստացել է «Ամերիկայի վերադարձ»: Չկա պակաս նրանց, ովքեր «հրավիրում են» ԱՄՆ-ին, այդ թվում` մեր տարածաշրջան: Վտանգավոր են նրանք, ովքեր, հրավիրելով Ամերիկային, հետապնդում են միայն անձնական նպատակներ:


Առավել վտանգավոր են նրանք, ովքեր երկակի / եռակի խաղ են խաղում՝ հրահրելով ուժային կենտրոնների բախումներ: Պե՞տք է արդյոք այստեղ նշել Նիկոլի անունը: Իսկ ի՞նչ Բայդենը: Հաշվի առնելով սուր մակարդակը, որով բնութագրվում են ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները, Բայդենի համար այսօր կարեւոր է «անառակ որդուն»` Թուրքիային դարձյալ կարճ շղթայով կապել: Երկրորդ՝ ԱՄՆ նախագահի համար կարեւոր է իր կողմը ձգել Ադրբեջանին` միեւնույն ժամանակ աչք փակելով Ղարաբաղում սանձազերծված պատերազմի եւ այս երկրի բացահայտ ագրեսիայի հանդեպ (դրա համար բավական է կարդալ Բայդենի շնորհավորական ուղերձը Ալիեւին` Նովրուզի առիթով): ԱՄՆ-ի համար կարեւոր է ակտիվանալ Իրանի կողքին գտնվող տարածաշրջանում: Կարեւոր է շահել հայերի եւ առաջին հերթին ամերիկացի հայերի համակրանքը:


Եւ Հայոց ցեղասպանության մասին այս ոչինչ չպարտադրող հիշատակումները կարող են գործիքներից մեկը հանդիսանալ վերը նշված բոլոր նպատակներին հասնելու համար: Որտե՞ղ է Հայաստանը այս բոլոր գործընթացներում: Ամբողջ աշխարհը եռում է, ամպեր են կուտակվել մեր ամբողջ տարածաշրջանի, մեր հայրենիքի վրա, իսկ մենք քննարկում ենք՝ թույլ տալ արդյոք հանցագործին Հայաստանում արտահերթ ընտրություններ կազմակերպել: Այն ամենը, ինչ տեղի է ունենում, հիշեցնում է մեկ դար առաջվա իրադարձությունները: Բայց այս զուգահեռները մենք կթողնենք պատմաբաններին», - գրել է Մինասյանը: