23.11.2024
ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության հերթական կեղծիքը բացահայտվեց. տնտեսագետ
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն ընդունեց Արցախում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տվող օրինագիծը

Արցախի Ազգային ժողովը մարտի 25-ին ընդունեց «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով Արցախում ռուսերենը ստացավ պաշտոնական լեզվի կարգավիճակ:


Նախագծին կողմ է քվեարկել 27 պատգամավոր,  2-ը՝ ձեռնպահ, դեմ արտահայտվողներ չեն եղել: 

Նշենք, որ հայերենը շարունակելու է պահպանվել որպես Արցախի Հանրապետության միակ պետական լեզու, իսկ ռուսերենին՝ հայերենին զուգահեռ, շնորհվում է միայն պաշտոնական լեզվի կարգավիճակ:

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ, հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությանը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը: Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում: Հենց այս նկատառումներով է թելադրվում ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում մի շարք նոր փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը: