ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է ուժեղ մարզադպրոցներ ունենալը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցների և մարզական հասարակական կազմակերպությունների տնօրեններին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են մարզիչների սոցիալական խնդիրներին, նրանց վերապատրաստումներին, մարզումային նորագույն մեթոդներին և մոտեցումներին, մարզադպրոցներում առկա պայմաններին առնչվող և մի շարք այլ հարցեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է հարցերը դնել իրավական հիմքի վրա, ապա կատարել համապատասխան կարգավորումներ՝ ի նպաստ մարզադպրոցների և մարզական հասարակական կազմակերպությունների:
Անդրադառնալով մարզիչներին սոցիալական փաթեթ տրամադրելու վերաբերյալ հարցին՝ Կարեն Գիլոյանը նշել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը նախատեսում է մեծածավալ ուսումնասիրություն կատարել հանրապետությունում գործող մարզադպրոցներում և համապատասխան կազմակերպություններում՝ առկա իրավիճակի վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար. «Առաջիկայում կլինեն շրջայցեր նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցներ և մարզական հասարակական կազմակերպություններ: Միայն իրավիճակի խորքային ուսումնասիրության դեպքում հնարավոր կլինի հանդես գալ համապատասխան առաջարկություններով և կարգավորումներով:
Նախարարությունը կարևորում է ուժեղ մարզադպրոցներ ունենալը. դրա համար անհրաժեշտ են փոխադարձ ըմբռնում և համատեղ աշխատանք: Եթե յուրաքանչյուրն իր գործառույթները և լիազորությունները հստակ գիտակցի ու աշխատի դրանց համապատասխան, ապա ոլորտում եղած խնդիրներն արագ կլուծվեն, և առաջ կգնանք զարգացման ճանապարհով»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև ընդգծել է՝ չափազանց կարևոր են մարզիչների պարբերական վերապատրաստումները. «Ոչ ոք ամենագետ չէ: Սպորտն արագ տեմպերով է զարգանում, մարզումային մեթոդները և մոտեցումները պարբերաբար պետք է վերանայվեն և լինեն ժամանակին համահունչ:
Ուստի կոչ եմ անում հարցին լրջությամբ վերաբերվել, ակտիվ և բարեխղճորեն մասնակցել վերապատրաստման միջոցառումներին, ստանալ նոր գիտելիքներ, որոնք կնպաստեն հայկական սպորտի զարգացմանը»: Հանդիպման ավարտին Կարեն Գիլոյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները՝ ընդգծելով, որ դրանց օպերատիվ լուծման համար կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր: