Հայաստանը և Թուրքիան կարող են ունենալ նորմալ, ոչ թե բարիդրացիական հարաբերություններ
Հայաստանն ու Թուրքիան կարող են ունենալ նորմալ, այլ ոչ թե բարիդրացիական հարաբերություններ։ Այսօր՝ մարտի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա խոսքով՝ բարիդրացիական հարաբերությունների համար պետք է լուրջ ճանապարհ անցնել։ Նորմալ հարաբերությունների տակ Սաֆրաստյանը նկատի ունի դիվանագիտական հարաբերությունների առկայությունն ու բաց սահմանները։
«Մոռանալ անցյալը եւ սկսել ամեն ինչ մաքուր էջից: Նման արտահայտությունները լավ են հնչում, սակայն նրանք, ովքեր այդպես են ասում, պետք է վերլուծեն Թուրքիայի քաղաքականությունը։ Այս երկրում ոչ մի լուրջ քաղաքական ուժ պատրաստ չէ նման մոտեցման։ Անկարան միայն ցանկանում է, որ մենք հրաժարվենք Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից», - ասել է Սաֆրաստյանը՝ հավելելով, որ «հայերը, Հայաստանը, Արցախը պատրաստ չեն գնալ այն ճանապարհով, որն առաջարկում է Թուրքիան»։
Ընդ որում Սաֆրաստյանը նշում է, որ խնդիրը արդարության վերականգնումն է, հայերի դեմ Օսմանյան կայսրության իրականացրած ծանրագույն հանցագործության դատապարտումը: