Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 20-ին, Արագածոտնի մարզի այցի ժամանակ առաջին անգամ հայտարարել է պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի քանակի մասին:
«Էսօրվա դրությամբ պաշտոնապես հաստատված 3 հազար 250 զոհ ունենք», - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ելույթի իր խոսքում:
Նրա խոսքով, պատերազմը չի շարունակվել այն պահին, երբ վստահ են եղել, որ այլևս իմաստ չունի, պայքարել են մինչև վերջին վայրկյանն ու դադարեցրել այն պահին, երբ անհրաժեշտություն է եղել փրկել 30.000 զինվորի կյանք: «Ես գիտակցում էի, որ այդ քայլով իմ ու իմ ընտանիքի կյանքն եմ վտանգում, բայց այդ 30.000 զինվորի կյանքն ինձ համար ավելի կարևոր էր: Պատերազմից հետո թվեր էին հայտարարում սկզբից 4000, հետո 5000, հիմա էլ ասում են, թե 10.000 զոհ կա: Ամեն շաբաթ ավելացնում են: Մենք բազմաթիվ զոհեր ենք ունեցել», - ասաց նա՝ ընդգծելով, որ այսօրվա դրությամբ պաշտոնապես հաստատված 3 հազար 250 զոհ ունենք:
«Մահվան վկայականներով հաստատված է թիվը: Ունենք189 ծնող, ովքեր ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի: Այո, մենք ունենք անհետ կորածների բավականին մեծ ցուցակ, բայց այդ ցուցակը պետք է ճշգրտվի, որովհետև անհետ կորածների ցուցակներից վերջին ամիսներին 10 մարդ հայտնաբերվել է ամենատարբեր հանգամանքներում, նույնիսկ՝ «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանից մեկնելու փորձի ժամանակ», - հայտարարեց Փաշինյանը:
Ըստ վարչապետի, առանց այն էլ շատ զոհեր ենք ունեցել, և պետք չէ քաղաքական շահարկման նպատակով այդ զոհերի թիվը կրկնապատկել, եռապատկել, քառապատկել: «Եթե ինչ-որ նոր հանգամանք չբացվի, որը քիչ հավանական է, մեր զոհերի թիվը 4000-ից չի անցնի: Սա էլ շատ մեծ թիվ է, բայց ինչի համար են զոհվել մեր տղաները, սա շատ կարևոև հարց է, զոհվել են, որ Արցախն այսօր լինի»: