Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների մեջ․ Արսեն Ղազարյան
«Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ, երբ այսուհետ գործ կունենանք օրենսդրական նոր նախագծերի քննարկումների հետ, առավել վճռական պետք է լինենք երկրի տնտեսական քաղաքականությանն առնչվող այս կամ այն փոփոխությունների վերաբերյալ մեր ձայնը բարձրացնելու, այն պատկան մարմիններին հասանելի դարձնելու առումով»,- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ մարտի 16-ին կայացած հեռավար նիստի ժամանակ նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը՝ անդրադառնալով կառույցի լոբբիստական գործունեությանը։
Նախագահության նիստի օրակարգային հարցերի թվում էր «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի հետ կապված՝ ՀԱԳՄ մասնագետների կատարած աշխատանքը։ Չնայած վերջիններիս կողմից բերված բազմաթիվ հակափաստարկների, գործարար համայնքի հնչեցրած ահազանգերի, պատգամավորների հետ հանդիպումների ու քննարկումների՝ օրերս ՀՀ Ազգային ժողովն ընդունեց հիշյալ օրենքը։ Այս իրողությունը ոչ միանշանակ է գնահատվել գործարարների կողմից, ովքեր թե՜ օրենքում արձանագրված նոր դրույթներն են անընդունելի համարում՝ որպես հետհամավարակային և հետպատերազմական տնտեսության համար խոչընդոտող հանգամանքներ, թե՜ խորհրդարանականների ցուցաբերած մոտեցումը, ովքեր այդպես էլ ականջալուր չեղան մասնագիտական շրջանակների կարծիքներին։
Նիստի մասնակիցները համակարծիք էին, որ այսուհետ առավել պետք է ուժեղացնել ու նպատակային դարձնել մասնագիտական, փորձագիտական խմբերի աշխատանքները, մեծացնել հանրային կարծիքի ձևավորման վրա ունեցած ազդեցությունը, ավելի սերտացնել գործարարության հիմնախնդիրներով զբաղվող այլ հասարակական կառույցների հետ համագործակցությունը՝ գործադիր և օրենսդիր մարմինների կողմից տնտեսական քաղաքականության մշակման գործընթացում անհրաժեշտ մասնակցության արդյունավետությունը բարձրացնելու համար։
Նախագահության նիստում նաև լսվեցին և հավանության արժանացան 2020թ. ընթացքում ՀԱԳՄ կատարած աշխատանքներն ու ֆինանսական գործունեության հաշվետվությունը։
Միությանն անդամակցելու հայտ էր ներկայացրել «Մեդիա սելլեր» ընկերությունը, որն ընդունվեց միաձայն։