24.11.2024
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից
prev Նախորդ նորություն

Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկն անիրատեսական է. Անդրանիկ Քոչարյան

«Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն իրատեսական չի համարում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը, ըստ որի գործող վարչապետը պետք է հրաժարական տա եւ ժամանակավորապես լքի երկիրը:


Նրա խոսքով՝ Տեր-Պետրոսյանն արձագանքել է ընդդիմադիր Վազգեն Մանուկյանի հնչեցրած պահանջներին։ «Հնարավոր է, որ նա համարել է, որ կետերից մեկով կարելի է երկխոսություն սկսել։ Հավանաբար, առաջին նախագահն առաջնորդվել է նրանով, որ ժամանակին հրաժարական է տվել հայտնի ուժերի պահանջով։


Սակայն այսօր հանրային ընկալման մեջ գործող վարչապետը վստահության առաջնային մանդատ ունի այդ բոլոր «հայտնի ուժերի» մեջ։ Հենց այդ պատճառով էլ վարչապետն առաջարկում է արտահերթ ընտրությունների միջոցով լուծել իշխանության հարցը։ Նման հայտարարությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը միացավ 17 կուսակցությունների նպատակներին, ինչը ես անընդունելի եմ համարում», - հայտարարեց պատգամավորը։


Քոչարյանի խոսքով՝ ինքը չի կարծում, որ առաջին նախագահը համագործակցում է Հայրենիքի փրկության շարժման հետ, սակայն առաջին անգամ նրա հիշողության մեջ Տեր-Պետրոսյանի տեսակետն ամբողջությամբ համընկնում է Վազգեն Մանուկյանի դիրքորոշման հետ։


Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնավորապես նշել էր. «Միակ ելքը, որը բխում է պետության, ժողովրդի եւ անձամբ վարչապետի շահերից, իմ կարծիքով, նրա անհապաղ եւ կամավոր հրաժարականն է՝ ԱԺ-ին անձեռնմխելիության իրավական երաշխիքներ տրամադրելով եւ, թող ժամանակավոր, արտասահմանում ապաստանելով»:


Նրա կարծիքով, այդ դեպքում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, ով իր չեզոք դիրքորոշմամբ կարող է ապահովել արդար ընտրություններ: