23.11.2024
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցություններ են տեղի ունեցել
prev Նախորդ նորություն

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս

Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը: Այս մասին մարտի 16-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


Հայ ուխտավորների խումբը ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ այցելել է Դադիվանք:


Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ադրբեջանի զինծառայողները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անարգել թույլ են տալիս ուխտավորներին մտնել համալիրի տարածք: Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է ճարտարապետական համալիրի մոտակայքում։


Դադիվանքը հնագույն քրիստոնեական վանքերից մեկն է և գտնվում է Քելբաջարի շրջանի տարածքում, որը եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին:


Ռուս խաղաղապահները նաև ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունն Ամարաս այցելության ժամանակ, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի անմիջական հարեւանությամբ:


Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:


Ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: