ՀՅԴ անդամները ծաղիկներ խոնարհեցին Սողոմոն Թեհլերյանի հուշարձանին
Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթ փաշային ոչնչացրած Սողոմոն Թեհլերյանի հուշարձանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը նշեց, որ Թալեաթի գնդակահարումը արդար հատուցումն էր հայ ժողովրդի կոտորածների, հայրենազրկման ու տառապանքների:
«Ուղիղ հարյուր տարի առաջ այս օրը, Բեռլինում Սողոմոն Թեհլերյանը դիմահար կրակոցով գնդակահարեց Հայոց ցեղասպանության ոճրագործներից մեկին՝ Թալեաթին: Այդ ճիվաղի գնդակահարումն արդարահատույցն էր հայ ժողովրդի կոտորածների, հայրենազրկման ու տառապանքների: 1919թ. դաշնակցության ընդհանուր ժողովը որոշում կայացրեց հաշվեհարդար տեսնել Հայոց ցեղասպանության կազմակերպիչների և դավաճանների նկատմամբ: Կազմվեց մի ծրագիր, որի արդյունքում մի քանի տարիների ընթացքում աշխարհի տարբեր ծայրերում ոչնչացվեցին բազմաթիվ թուրք ոճրագործներ: Սողոմոն Թեհլերյանն այդ ծրագիրն իրականացնող հայորդիներից մեկն էր»,- ասաց Համբարձումյանը, հայտնում է Արմենպրեսը:
1921թ. մարտի 15-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում դիմահար կրակոցով ոչնչացնում է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային: Հետագայում Սողոմոն Թեհլերյանն արդարացվում է դատարանի կողմից: