24.11.2024
Դավիթ Գալստյանը դատի է տվել «Ազատություն» ռադիոկայանին
prev Նախորդ նորություն

Ռազմական հեղաշրջման փորձ չի եղել. ասաց ԱԳ նախարարն ու հակասեց Փաշինյանին

Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը համաձայն չէ այն գնահատականների հետ, թե Զինված ուժերի գլխավոր շտաբի բարձրագույն սպայակազմի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությունը ռազմական հեղաշջման փորձ է:


«Իհարկե, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքներն իրենց բացասական ազդեցությունն ունեցան Հայաստանում ներքին կայունության վրա, սակայն ես ամենևին համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական հեղաշրջման փորձ որակելու հետ», - ասել է Արա Այվազյանը «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:


Հարցին, եթե դա հեղաշրջման փորձ չէր, ապա ի՞նչ էր, Արա Այվազյան կրկին նշել է, որ զինվորականներն արել են քաղաքական հայտարարություն, որն ինքնին «ռազմական հեղաշրջման փորձ չէ»: «Դա Գլխավոր շտաբի որոշ անդամների քաղաքական դիրքավորումն էր։ Պարզապես արվել է քաղաքական հայտարարություն, որն ինքնին ռազմական հեղաշրջման փորձ չէ», - հայտարարել է նա ու այդ կերպ հակասել կատարվածի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը:


«Այս առնչությամբ նմանատիպ գնահատականներ եղան տարբեր երկրներ և միջազգային կազմակերպությունների կողմից: Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան: Եվ Հայաստանը շարունակում է մնալ ժողովրդավարություն, իսկ ներկայիս իրավիճակը, ինչպես ասացի, կհարթվի մեր հասարակության ժողովրդավարական չափանիշներին համապատասխան», - նկատել է նա:


Հայաստանում քաղաքական ճգնաժամը սկսվել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո և անցել է փետրվարի 25-ի սրման փուլը, երբ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը և բանակի շուրջ 40 բարձրաստիճան սպաներ հայտարարել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին:


Վարչապետ Փաշինյանն այդ հայտարարությունը որակեց է որպես «ռազմական հեղաշրջման փորձ», Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդություն ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանին և Հանրապետության հրապարակում հրավիրեց հանրահավաք:


Քաղաքական իշխանություն և ռազմական էլիտա դիմակայության արդյունքում Օնիկ Գասպարյանն ազատվեց ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Նիկոլ Փաշինյանն արդեն միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: