ՀԿԵ շարժակազմը կհամալրվի երկու նոր էլեկտրագնացքներով ու 27 վագոններով
«Հարավկովկասյան երկաթուղու» շարժակազմը շուտով կհամալրվի Տրանսմաշխոլդինգի արտադրության ուղևորատար երկու նոր էլեկտրագնացքներով ու 27 վագոններով: Այս մասին հայտնում են ընկերությունից։
Նոր ուղևորատար վագոնները, որոնք սպասարկելու են միջազգային ուղղությունը, Հայաստան են բերվելու այս տարվա մայիս-հունիսին, իսկ ներհանրապետական երթուղիների համար նախատեսված նոր էլեկտրագնացքները՝ մինչև օգոստոսի 1-ը:
Նոր շարժակազմը Տրանսմաշխոլդինգի ամենաժամանակակից սերիական արտադրանքն է, որը համապատասխանում է ուղևորափոխադրումների հարմարավետության և անվտանգության բոլոր պահանջներին:
ԷՊ2Դ էլեկտրագնացքները հագեցած են անվտանգության պասիվ համակարգերով, հատուկ միկրոկլիմայի ապահովման համակարգով, օդի ախտահանման մոդուլներով և էկոլոգիապես մաքուր զուգարանային սարքավորումներով:
Ուղևորատար վագոններում կգործեն վաճառքի ավտոմատներ և սուրճի ապարատներ: Վագոնները հագեցած են էլեկտրական վարդակներով կամ USB միակցիչներով, ինչպես նաև զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի ապարատներով:
61-4517 մոդելի վագոնների երկտեղանոց կուպեներում կտեղադրվեն հեռուստացույցներ: ՀԿԵ-ի ցանկություններին համապատասխան, վագոններում կկիրառվի հատուկ գունային գամման: