23.11.2024
ՀԿԵ շարժակազմը կհամալրվի երկու նոր էլեկտրագնացքներով ու 27 վագոններով
prev Նախորդ նորություն

Թուրքական հատուկ ծառայություններին քարտեզ չեն փոխանցել. «HALO Trust»-ը հերքում է

«HALO Trust» ընկերությունն արձագանքել է իր հասցեին նախօրեին հնչեցրած մեղադրանքին:


Ընկերության հայտարարության մեջ ասվում է.


««ՀԱԼՈ Թրաստ»-ը տեղյակ է այն պնդման մասին, որ այն 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարիների ընթացքում «ՀԱԼՈ Թրաստը»-ը աշխատել է Ղարաբաղում՝ տեղական բնակչության կյանքն անվտանգ դարձնելու համար։ «ՀԱԼՈ Թրաստ»-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ քաղաքական և չեզոք կազմակերպություն է։ Այս պնդումը բացարձակ սուտ է»։


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը հայտարարեց, որ բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։


«Հավաստի աղբյուրներից ինձ հայտնի է դարձել, որ «HALO Trust» ընկերությունը, որն աշխատում էր բրիտանական բարեգործական կազմակերպության անվան տակ ու զբաղված էր ականների չեզոքացման աշխատանքներով, Արցախում աշխատած ժամանակահատվածում ձեռք է բերել հայկական կողմի ականապատված տարածքների քարտեզներն ու փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին։ Սրա պատճառով պատերազմի ժամանակ հակառակորդը կարողացել է բարեհաջող կերպով անցնել ականապատված տարածքներով։ Վտանգավոր տարածքները ուսումնասիրելու անվան տակ այս ընկերությունն իրականացրել է հետախուզական գործողություններ Արցախի ամբողջ տարածքում»,- ասել է Ավագյանը։