«Սորոսյան» գաղափարներն ու արժեքները Հայաստանը տանում են ինքնաոչնչացման. Ռոբերտ Քոչարյան
Սորոսի գլխավորած կազմակերպության և նմանատիպ այլ կառույցների գաղափարներն ու արժեքները Հայաստանին տանում են դեպի ինքնաոչնչացում։
Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ռուսական լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով երկրի քաղաքական եւ հասարակական կյանքում «սորոսականների» ակտիվ մասնակցությունը, հաղորդում Է Sputnik-Արմենիան։
Երկրի նախկին ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար, որը հարեւան է այն երկրների հետ, որոնք չեն կիսում նեոգլոբալիստական արժեքները, «սորոսականների» վրա խաղադրույքը տանում է ինքնաոչնչացման։
«Մենք պետք է դրան հակազդենք», - կարծում է նա։
Այն դիտարկմանը, թե Սորոսի հիմնադրամը Հայաստանում բացվել է դեռ իր նախագահության շրջանում, Քոչարյանը հավելել է, որ նույնիսկ տեղյակ չի եղել այդ մասին։
«Եղել է ինչ-որ ոչ կառավարական կազմակերպություն, և այն ժամանակ որևէ լուրջ ազդեցություն չի ունեցել ներքին գործընթացների վրա։ Բայց հետո նրանք լրջորեն ամրապնդվեցին՝ ստանալով պատկառելի ֆինանսական սնուցում», - արձանագրել է Քոչարյանը։
Նա համոզված է, որ «սորոսյան» արժեքները հակասում են այն դերին, որ Հայաստանը խաղում է տարածաշրջանում։