ԱԺ նախագահը ներողություն է խնդրել ընդդիմադիր պատգամավորից
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անհիմն է համարում խորհրդարանական ընդդիմության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին մեղադրանքները:
Այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի քննարկումներում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Միրզոյանին հիշեցրել է, որ ընդդիմադիր խմբակցությունները նույնպես կողմ են քվեարկել իր՝ ԱԺ նախագահ ընտրվելու որոշմանը:
Հետաքրքրվելով, թե այդ մասին հիշում է ԱԺ նախագահը, Սամսոնյանն ընդգծեց, որ նման իրավիճակում ԱԺ նախագահի՝ ընդդիմադիր խմբակցության հանդեպ ունեցած պարտավորություններն ավելի շատ են, քան իշխող մեծամասնության նկատմամբ: Նա Միրզոյանից հետաքրքրվեց, թե որն է խորհրդարանի ընդդիմադիր ուժերի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքի պատճառը։
Ի պատասխան՝ ԱԺ նախագահը նշել է, որ հարցն անտեղի է համարում, քանի որ միշտ հարգանք է ցուցաբերել բոլոր խորհրդարանականների եւ մասնավորապես ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: Միրզոյանը նշել է, որ եթե ինչ-որ բան իր հայտարարություններում կամ վարքագծում ստիպել է հակառակը մտածել, ապա ինքը ներողություն է խնդրում դրա համար։