Քաղաքացիները պահանջո՞ւմ են Փաշինյանի հրաժարականը. GALLUP-ի սոցհարցումը
Հայաստանցիների մոտ 44 տոկոսը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Gallup International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով Gallup-ի վերջին հարցման արդյունքները։
Հետազոտությունն անցկացվել է 2021 թվականի փետրվարի 15-17-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցումների միջոցով: Հարցմանը մասնակցել է 801 մարդ Հայաստանի ողջ տարածքում։
Հարցին, թե հիմա ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, հարցվողների 38,8 տոկոսը պատասխանել է, որ վարչապետը պետք է շարունակի պաշտոնավարել, իսկ 43,6 տոկոսը կարծում է, որ նա պետք է հրաժարական տա: Հարցված քաղաքացիների եւս 17,6 տոկոսը դժվարացել է պատասխանել:
2020 թվականի հուլիսին, նույն Gallup-ի հարցումների համաձայն, Նիկոլ Փաշինյանին աջակցում էր բնակչության 85%-ը, իսկ արդեն դեկտեմբերին՝ ընդամենը 38%-ը։ Գործող վարչապետի վարկանիշը կտրուկ նվազել է 2020թ. նոյեմբերի 9-ին Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության ստորագրումից հետո։