Արցախում ռուսերենին կարգավիճակ տալու հարցը պետք է հանրային քննարկման դրվի. պատգամավոր
Արցախի Հանրապետության ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի հեղինակներին առաջարկել եմ կազմակերպել քննարկումներ հանրության լայն շերտերի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը:
«Հաշվի առնելով Արցախի Հանրապետության «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և դրանով առաջարկվող փոփոխությունների հետ կապված հանրության ոչ միանշանակ արձագանքը՝ առաջարկել եմ նախագծի հեղինակներին, մինչև Ազգային ժողովի լիագումար նիստում նախագծի քննարկումները, կազմակերպել քննարկումներ հանրության լայն շերտերի՝ մտավորականության, դասախոսական և ուսուցչական կոլեկտիվների, ուսանողության մասնակցությամբ:
Լեզվի մասին օրենքը չի կարող փոփոխվել առանց հանրության շրջանում իրական և համընդհանուր փոխըմբռնման ու համաձայնության և չի կարող չարտահայտել հանրության իրական ցանկությունները»,- գրել է նա:
VERELQ-ն ավելի վաղ գրել էր, որ Արցախում ռուսերենը կարող է ստանալ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Ազգային ժողովի երեք պատգամավորների ներկայացրած նախագծում օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրվում է հետևյալ կերպ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են՝ գրական հայերենը և ռուսերենը»:
Օրենսդրական փոփոխության հիմնավորուման մեջ նշվում է. «Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությանը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը:
Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում»: