Կառավարությունը Շուռնուխում 13 տուն և անասնագումեր կկառուցի
Կառավարությունը փետրվարի 18-ին հաստատեց Շուռնուխում 13 նոր տուն կառուցելու ծրագիրը։ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանն ասաց՝ ծրագրի համար անհրաժեշտ է լինելու 700 միլիոն դրամ։
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը նկատեց, որ առաջիկայում պետք է սկսկվեն 13 բնակելի տների տեղակապման և շինարարական աշխատանքները: «Յուրաքանչյուր բնակելի տան հետ միասին զուգահեռ կիրականացվեն անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքները: Աշխատանքները հաշվարկված են այնպես, որ մինչև տարեվերջ ավարտենք բնակելի տնեկրի կառուցման և բնակեցման աշխատանքները», - ասաց նա՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ ողջ ծրագիրը նախատեսվում է ավարտել երեք տարվա ընթացքում:
Առաջին փուլում, այս տարվա ընթացքում, նախատեսված է կառուցել 13 տուն և ճանապարհը՝ առանց ասֆալտապատման: Երկրորդ փուլում կառուցվելու են բոոր ենթակառուցվածքները՝ 2022 թ-ին: «Երրորդ փուլով կարող է նաև անհրաժեշտություն լինի կառուցել հասարակական և գյուղարտադրական նշանակության որոշ կառուցներ: Դրանք կլինեն 2022 և 2023 թթ.: Առաջին երկու փուլերի աշխատանքների գնահատական նախնական հաշվարկներով կկազմի մոտ 700 միլիոն դրամ», - հայտնեց Ղուլարյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջում հարցրեց՝ այս նախագծով արդյոք լուծվում է Շուռնուխի բնակարանային հարցը և ստացավ դրական պատասխան: