Արցախ մուտքի հետ կապված անհարմարությունները կկրեն ժամանակավոր բնույթ. ԱԳՆ
Արցաախ մուտքի հետ կապված անհարմարությունները կրում են ժամանակավոր բնույթ, ինչի մասին հավաստիացնում է նաև ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությունը։ Այս մասին ասված է Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ:
Նշենք, որ վերջեչս մամուլում տեղ է գտել այն տեղեկատվությունը, որ օտարերկրյա քաղաքացիները խնդիրներ են ունեցել Արցախ մուտք գործելու հետ կապված, ընդ որում լուրեր կան, որ մուտքի հետ կապված խոչընդոտները առաջացնում են նաև ռուս խաղաղապահները՝ իբրև թե Ադրբեջանի կողմից թույլտվության բացակայության հետ պայմանավորված։
"Վերջին օրերին տարբեր օտարերկրյա պետությունների քաղաքացիների՝ Արցախի Հանրապետություն մուտքի իրականացման հետ կապված դժվարությունները պայմանավորված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված հրամայականով։ Մուտքի ապահովման համակարգը ներդրվում է ՌԴ խաղաղապահ ուժերի հետ համագործակցությամբ։
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ մուտքի հետ կապված անհարմարությունները կկրեն ժամանակավոր բնույթ, ինչի մասին հավաստիացնում է նաև ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությունը։
Ինչ վերաբերում է մուտքի թույլտվության հարցին, ապա ընթացակարգը հստակ է և չի ենթարկվել որևէ փոփոխության։ Արցախի Հանրապետության տարածք մուտքի թույլտվության համար օտարերկրացիները նախօրոք դիմում են Արցախի ԱԳՆ և ստանում մուտքի արտոնագրերը Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում. այլ ընթացակարգ գոյություն չունի։ Մուտքի թույլտվության հայտերի վերաբերյալ տեղեկատվությունը նաև փոխանցվում է ՌԴ խաղաղապահ ուժերին: Նշված ընթացակարգը չի ենթադրում համաձայնության հայցում կամ տվյալների փոխանցում որևէ երրորդ երկրի",- ասված է ԱԳՆ մեկնաբանության մեջ։