23.11.2024
Պատերազմի հետևանքով Սյունիքի և Գեղարքունիքի 39 բնակավայրերը դարձել է սահմանամերձ
prev Նախորդ նորություն

Երկրաշարժից հետո ԱԻՆ մասնագետներն ուսումնասիրել են Երևանի դպրոցներն ու մանկապարտեզները

Երևանի տարբեր վարչական շրջաններում գտնվող 13 մանկապարտեզի և 14 դպրոցի շենքեր ուսումնասիրության են ենթարկվել: Այս հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից: 


Երևանի փրկարարական վարչության օպերատիվ խումբը փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանի գլխավորությամբ, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի 8 աշխատակից և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են այն կրթական հաստատություններ, որտեղ երկրաշարժից հետո որոշակի խնդիրներ են նկատվել: Ուսումնասիրություններն արվել են, որպեսզի տրված մասնագիտական կարծիքից հետո դպրոցներն ու մանկապարտեզները սահմանված ժամանակացույցով կարողանան հանգիստ ընդունել երեխաներին:


ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետն արձանագրել է, որ Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում երկրաշարժի ազդեցությունը զգացվել է միայն ծեփամածիկի վրա առկա ճաքերի առաջացման տեսքով, ուստի հավաստիացրել է, որ շահագործման համար անվտանգ են:


ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ավելի քան 3000 տարաբնույթ ահազանգ է ստացել։ Երկրաշարժից հետո փլուզումների վերաբերյալ ստացված և հաստատված ահազանգերից համեմատաբար զգալի վնասներ են գրանցվել Երևանի Այվազովսկու փողոցում, որտեղ մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ հատված է փլուզվել, Սմբատ Զորավարի փողոցում շենքի պատից 2 քմ է փլուզվել: