Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) ողջունում է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդերդինդի բանաձևը, որը կոչ է անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիային:
Նշվում է, որ բանաձևը ստորագրել են նաև պատգամավորներ Մ. Վան Հելվերտը (CDA), Ս. Կարաբուլուտը (SP), Բ. վան Օյիկը (GroenLinks), Գ. Վիլդերս (PVV), Թ. Բոդեն (FvD), Ք. վան դեր Ստայը (SGP), Գ. վան Օտերլոն (50PLUS), Ֆ. վան Կոտեն-Արիսսենը, Լ. վան Ռանը (PvdD) և Հ. Քրոլը։
«Բանաձևին պատգամավորների լայն աջակցությունը ցույց է տալիս, որ Նիդերլանդների խորհրդարանում բավական երկար ժամանակ տիրում էր մեծ դժգոհություն Հայոց ցեղասպանության հետ կապված իրար հաջորդող կառավարությունների վերաբերմունքից։
Բանաձևի պատգամը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է հստակ լեզվով խոսել իրերի մասին, որպեսզի ապագայում կարելի լինի լուծում գտնել կնճռոտ խնդիրների համար։ FAON-ը համարում է, որ այս գաղափարը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, երբ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ իսկ Genocide Watch-ը նախազգուշացրել էր նոր ցեղասպանության մասին, իսկ պատերազմից հետո և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ագրեսիվ դիրքորոշում են որդեգրել Հայաստանի նկատմամբ։
FAON-ը ենթադրում է, որ կառավարությունը չի անտեսի խորհրդարանի այս շատ հստակ հայտարարությունը և կիրագործի այն։
Ավելի վաղ բանաձևերով, խորհրդարանը հստակորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Խորհրդարանը դեռ 2004 թ. միաձայն ընդունելով Ռաուֆուտի բանաձևը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Այդ բանաձևը դիմելով կառավարությանը նշում է. «Թուրքիայի հետ երկկողմ կամ Եվրամիության շրջանակներում երկխոսության ժամանակ կառավարությունը պետք է հստակորեն և շարունակաբար քննարկման առարկա դարձնի Հայոց ցեղասպանության ճանաչումը»։
Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության ժամանակ այլ քրիստոնյա փոքրամասնություններ, ինչպիսիք են ասորիները, արամեացիները և պոնտացի հույները, նույնպես զանգվածային ջարդերի զոհ են դարձել։ Նրանց համար էլ ցավալի է, երբ Նիդերլանդների կառավարությունը լիարժեք չի ճանաչում ցեղասպանությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։