25.11.2024
Երեւանն ու Մոսկվան պետք է անցնեն միութենական պետության ձեւաչափի. Ուրիխանյան
prev Նախորդ նորություն

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթան. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:


Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, բացահայտվել թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման և իրացման շղթան:



Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 46-ամյա բնակիչը 2020 թվականի հոկտեմբերի 17-ին օժանդակել է արտերկրում բնակվող 36-ամյա իր ծանոթին՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի «Ափիոն», «Հերոին» և «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն:


Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 36-ամյա տղամարդը, ունենալով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու իրական հնարավորություն, նպատակադրվել է Երևան քաղաքում բնակվող իր ծանոթի օժանդակությամբ զբաղվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, նախապես ստանալով Երևանի 46-ամյա բնակչի համաձայնությունը, հավաքագրել է վերջինիս:


2020 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Երևան քաղաք ապօրինի փոխադրելու նպատակով, 46-ամյա տղամարդը Սյունիքի մարզում ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրել է իր կողմից վարվող «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի սրահում, սակայն ճանապարհին հիշյալ թմրամիջոցների խմբաքանակը հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից՝ նշված ավտոմեքենայի զննությամբ:


Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների այլ խմբաքանակներ ևս, մասնավորապես՝ 2878 գրամ «Ափիոն», 995 գրամ «Մեթամֆետամին», 751 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցներ, մեկ այլ խուզարկությամբ էլ՝ 2888 գրամ «Ափիոն», ևս մեկ խուզարկությամբ էլ՝ 110 գրամ ացետիլացված «Ափիոն»:


Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:


Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:


Թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:


Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցավոր շղթայում ներգրավված այլ անձանց առկայությունը, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ: