25.11.2024
Տեր-Պետրոսյան. տուրք չտալ Արցախի միակողմանի ճանաչման «անհաշվենկատ նախաձեռնությանը»
prev Նախորդ նորություն

Ղարաբաղի զինուժը կարող է խոցել Ադրբեջանի ռազմավարական ու ռազմական օբյեկտներ

Ադրբեջանը շարունակում է կուտակումներ իրականացնել շփման գծի երկայնքով և մոտակա խորքում, 4-ից 5 կմ հեռավորությամբ, որոնք, բոլոր ուղղություններով, վերահսկելի են. «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, հայտնում է tert.am-ը:

«Ասել, որ լրիվությամբ ավարտել է ծավալումը՝ գործողություններ սկսելու համար, ճիշտ չէր լինի, բայց այդուամենայնիվ ծավալում իրականացնում է և կցանկանայի վստահեցնել բոլորին, որ անհրաժեշտության դեպքում դրանց ևս հարվածներ կհասցվեն»,-ասաց նա:

Ըստ ՊՆ նախարարի՝ պարզապես հիմա նպատակահարմար չեն գտնում հակահարված հասցնելու: «Դեռևս կա հավաքագրված ինֆորմացիա, որը պետք է վերլուծվի, որպեսզի համոզվենք խմբավորումների գործողություների հետագա բնույթի վերաբերյալ, հաշվարկենք: Համոզված եղեք, որ հարվածներ հասցվելու են այդ խմբավորումներին, որոնք գտնվում են մեր հեռահար զենքի հարվածերի հասանելիության տակ, բոլորի վերաբերյալ խոցման և հետախուզման միջոցառումները մեզ մոտ արված են»,-ասաց նա:

Ըստ Մնացականյանի՝ ԼՂՀ ՊԲ-ն ունի մինչև 120 կմ խորության վրա խոցող միջոցներ և եթե պետք լինի կդիմեն այդ զենքի ուժին։ «Կարող ենք խոցել ռազմավարական ու ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ օդանավակայաններ, ղեկավարման կետեր»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավոր է համարում վերլուծաբանների այն դիտարկումները, թե նավթային կետերին կարող ենք հարվածել, Լևոն Մնացականյանը նշեց, թե, իհարկե:

«Բայց մենք այսօր նավթային հանքերի վրա հարվածելու անհրաժեշտություն չենք տեսնում: Մեր ծրագրերում նման բան չկա, մեր ծրագրերում հիմնական ռազմական օբյեկտներն են ու հենց դրանով էլ մենք տարբերվում ենք հակառակորդից, նրանք ընտրում են քաղաքացիական բնակավայրեր, օբյեկտներ և այլն, բայց այս քառօրյա գործողությունների ժամանակ չի եղել դեպք, որ մենք հարվածենք քաղաքացիական բնակավայրերի վրա»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավոր համարում է լայնամասշտաբ գործողությունների վերսկումը` ՊԲ նախարարը նշեց. «Իհարկե, քանի որ կան զինված ուժերը, զենքը, զինամթերքը, ու իրեն չտիրապետող հակառակորդի իշխանությունը, ամեն րոպե կարող է նորից վերսկսվել: Բայց մեր զինված ուժերը լրիվ պատրաստ են ցանկացած գործողությունների ու ցանկացած հարձակում հետ մղելու և անհրաժեշտության դեպքում այլ բնույթի խնդիրներ լուծելու համար»,-ասաց Լևոն Մնացականյանը՝ միաժամանակ շեշտելով, թե կոնկրետ ինքը տեսնում է հարցի խաղաղ լուծումը:

«Ժամանակը ցույց կտա, բայց լավ կլինի խաղաղ ճանապարհով լուծվի, բայց եթե պետք լինի, մենք պատրաստ ենք նաև ուժի միջոցով, այն ինչ-որ մի անգամ արդեն արվել է»,-եզրափակեց ԼՂՀ պաշտպանության նախարարը: