Հաստատվել է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հատսատել է պատերազմի հետրանքով վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը:
«Այս որոշումը բխում է վիրավորում ստացած անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնելու անհրաժեշտությամբ», - ասել է կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, որի խոսքով գործող կարգավորումներով պրոթեզովորման կարիք ունեցող անձինք դիմում են իրենց նախարարություն համապատասխան հանձնաժողովի որոշման հիման վրա նրանց տրվում է հավաստագիր, եւ գործող հավաստագրման ընկերությունների միջոցով ձեռք են բերվում պրոթեզավորում:
«Սակայն առկա կարգավորումները թույլ չեն տալիս առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնել: Նոր կարգավորումով պրոթեզավորման կարիք ունեցողների համար կիրականացվի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ֆունկցիոնալ պրոթեզավորում», - ասաց նա:
Մասնավորապես, ինչպես նշեց նախարարը, ներկայացվող ընթացակարգը ենթադրում է ստեղծել ավելի լայն մասնագիտական կարողություններ ունեցող հանձնաժողով, այդ թվում արտերկրից հրավիրել մասնագետներ: «Նաեւ տվյալ անձի միջավայրի՝ կեցավայրի, աշխատավայրի, գնահատում է կատարվելու: Այդ կարիքների գնահատման հիման վրա յուրաքանչյուր անձի մասով կունենանք անհատական պրոթեզի չափանիշներ: Այնուհետեւ տրամադրված։ հավաստագրերի հիման վրա նորից այդ հանձնաժողովի վերահսկողության միջոցով կիրականացվի պրոթեզների տեղադրման գործընթացը», - ասաց նա:
Առկա պրոթեզարանները, որոնք իրականացնելու են տեղադրումը, նախարարի խոսքով, նրանց նկատմամբ չափանիշների փոփոխություն նույնպես նախատեսվում է: Խոսքը նոր մասնագետների ներգրավման և ուսուցման մասին է:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ամենի նպատակն է, որ պրոթեզավորման գործընթացը կազմակերպվի հնարավորինս արագ եւ իրենց համար հարմարավետ, եւ երկրորդը՝ պրոթեզների որակը բերել բարձր մակարդակի: «Կոնկրետ այս խմբի շահառուների կարիքները հոգում ենք պետական բյուջեի միջոցներով», - եզրափակեց վարչապետը: