25.11.2024
Հարկային ճեղքն ընդլայնվել է. կառավարությունը վերացնում է հարկային արտոնությունները
prev Նախորդ նորություն

Թրամփի վատությունը. Թուրքիան իրավունքներ ստացավ տարածաշրջանի քրիստոնեական ժառանգության վրա

Թրամփի վարչակազմը աշխատանքի վերջին ժամերին ստորագրել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ փոխըմբռնման երկկողմ հուշագիր, որը Թուրքիային օրինական իրավունքներ է տալիս տարածաշրջանի բնիկ ժողովուրդների եւ այլ փոքրամասնությունների կրոնա-մշակութային ընդարձակ ժառանգության վրա: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):


Նշվում է, որ համաձայնագիրը ստորագրվել է ի պատասխան Թուրքիայի հարցման, որը ներկայացվել էր ավելի քան մեկ տարի առաջ:


Այս քայլի դեմ բողոքել են ANCA-ն, Հունա-ամերիկյան խորհրդի առաջնորդությունը, «Ի պաշտպանություն քրիստոնյաների» (IDC) կազմակերպությունը, մեծ թվով մշակութային եւ իրավապաշտպան կազմակերպություններ, ներառյալ Արվեստի թանգարանների տնօրենների ասոցիացիան (AAMD), Մշակութային քաղաքականության հարցերով կոմիտեն (CCP), Համաշխարհային ժառանգության դաշինքը (GHA), Պրոֆեսիոնալ նումիզմատների միջազգային ասոցիացիան (IAPN):


«Թրամփի վարչակազմն իր վերջին ժամերին Թուրքիային օրինական իրավունքներ նվիրեց պահանջելու տարածաշրջանի բնիկ ժողովուրդների եւ փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի, հույների, ասորիների, խալդերի, սիրիացիների, արամեացիների, մարոնիտների, հրեաների եւ այլ ժողովուրդների կրոնական եւ մշակութային ընդարձակ ժառանգությունը»,- նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:


IDC նախագահ Թուֆիք Բաաքլինն իր հերթին նշել է, որ փոխըմբռնման մասին հուշագիրը Թուրքիայում քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացմանը ամերիկյան խրախուսման խայտառակ նշանն է:


Չնայած հուշագրի վերջնական տեքստը չի հրապարակվել, Թուրքիայի հարցման մեջ կոչ էր պարունակվում սահմանափակումներ մտցնել իր տարածքում գտնվող բոլոր դարաշրջանների՝ նախապատմականից մինչեւ ժամանակակից դարաշրջանի արվեստի բոլոր ստեղծագործությունների ներմուծման վրա, նշում է ANCA-ն: