Գոնե գաղափար ունե՞ք. Ճշմարիտյանը զարմացել է Ադրբեջանի հետ սահմանի բացման շուրջ հրճվանքից
Իհարկե, ինչ-որ մի օր Հայաստանի բոլոր հարևանների հետ սահմանները կբացվեն, բայց... Այս օրերին ինչ-որ անիմաստ իրարանցում է սկսվել Ադրբեջանով դեպի Ռուսաստան երկաթգծի հեռանկարի հետ կապված: Այս մասին գրում է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:
"Հայաստանի ակնհայտ տապալումը որպես ձեռքբերում ներկայացնողները տարրական պատկերացում ունե՞ն, թե մինչ այդ ինչ քանակի և ծավալի միջազգային իրավապայմանագրային բազա պետք է ստեղծվի, որպեսզի հնարավոր լինի նման երթուղով հայկական ապրանք արտահանել, ապրանք ներմուծել Հայաստան, կամ Հայաստանի տարածքով օրինական տրանզիտ ապահովել և օգտվել դրանից: Կամ պատկերացում ունե՞ն առանց Արցախի նախապատերազմյան տարածքների գոյության` Հայաստանի տնտեսական անվտանգության վրա հենց այդ նախաձեռնության արագ իրագործման ավերիչ ազդեցության մասին:
Գոնե մոտավոր գաղափար ունե՞ն, թե ինչպիսի փոփոխությունների պետք է ենթարկվի Հայաստանի տնտեսական քաղաքականությունն իր ողջ սպեկտրով` ենթակառուցվածքային ու տնտեսության կառուցվածքային, ֆինանսավարկային, բանկային, ներդրումային, ՓՄՁ, հարկային ու մաքսային քաղաքականությունը, արտաքին տնտեսական քաղաքականությունը, որպեսզի այդ ամբողջն առնվազն չվնասի, կամ նվազ վնաս հասցնի մեր տնտեսությանը: Շահավետության մասին խոսելն տվյալ իրավիճակում, մեղմ ասած, կատարյալ անհեթեթություն է, եթե ոչ տնտեսագիտական ինֆանտիլիզմի, քաղաքական ու տնտեսական իրողությունների մասին պատկերացումների իսպառ բացակայության կամ անտեղյակության ուղիղ ցուցիչ:
Տեղյա՞կ են, թե՞ հենց այնպես խոսում են խոսելու համար, կամ` հերթական տապալումը ձեռքբերում ներկայացնելու համար:
Իմիջիայլոց` նույնը վերաբերում է Թուրքիայի հետ սահմանի անհապաղ բացման ջատագովներին:
Ընդհանուր առմամբ` թրքամետ քաղաքականությունը Հայաստանի առասպելական հեռանկարներով քողարկելը, ինչպես երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը կասեր` «...մեղմ ասած` վատ բան է...»,- գրել է Ճշմարիտյանը Facebook-ի իր էջում:
VERELQ-ը հիշեցնում է, որ հունվարի 11-ին Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որում ամրագրված է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով կողմերն աջակցում են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի առաջարկը:
Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ. հունվարի 30-ը: