VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԱԾ կողմից իրականացված վերջին ուսումնասիրությունը, շատ մեղմ ասած, ոգեւորիչ չէ իշխանությունների համար: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս պահին, ըստ այդ հարցման, մոտավորապես 8 տոկոս է: Մեր աղբյուրները հայտնում են, որ այս ցուցանիշի մասին, սակայն, Փաշինյանին չեն տեղեկացրել՝ հնարավոր անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու համար: Փոխարենը այս մասին տեղյակ են իշխանական կուլիսներում, ինչը լուրջ խուճապային տրամադրություններ է առաջացրել թե՛ գործադիրում, թե՛ խորհրդարանում: Բանն այն է, որ իշխանական որոշ շրջանակներ պարբերաբար քարոզչական մանիպուլյացիայի դասական կանոններով «թեզեր» են հրապարակ նետում, որ եթե այս պահին արտահերթ ընտրություններ լինեն, իրենք դարձյալ մեծամասնություն կկազմեն: Մյուս կողմից՝ նրանք փորձում են առաջին հերթին հենց իրենց փոքրաթիվ կողմնակիցներին համոզել, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը համաժողովրդական չէ, որ փողոց դուրս եկողների քանակը մեծ չէ: Հիմա այսպիսի ցուցանիշի պարագայում անիմաստ են դառնում քարոզչական այդ հնարքները, որովհետեւ նույնիսկ թիմում են հասկանում, որ Փաշինյանի վարկանիշը 2,5 տարում բազմակի նվազել է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հույս ունի ներսից պառակտել եւ ջլատել ընդդիմությանը՝ նպատակ ունենալով շուտ մարման տանել բողոքի այս ալիքը։ Միեւնույն ժամանակ, կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը հատուկ հանձնարարություն է իջեցրել, որպեսզի բոլոր տարբերակներով ու միջոցներով վարկաբեկեն ընդդիմության ներկայացուցիչներին, մասնավորաբար լիդերներին, իսկ հնարավորության դեպքում գործեր հարուցել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, չնայած վատ եղանակին, Հանրապետության հրապարակում կայացավ ընդդիմության հերթական հանրահավաքը։ Ելույթ ունեցավ նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նա ասաց․ «Խնամի, ծանոթ, բարեկամ գաղափարով նշանակումներն այս ժամանակահատվածում ավելացել են: Անփորձ, աննպատակ մարդկանց նշանակումներն ավելացել են: Չեն կարող մանրախնդիր մարդիկ լինել պետության ղեկավարներ, իսկ մանրախնդիր են միայն անփորձները: Փորձառուները լինում են մեծահոգի: Մեզ պետք են փորձառու մարդիկ, իսկ փորձը հենց այնպես չի առաջանում»։ Նա նաեւ նշեց, որ չի խոսելու պատերազմից, որի «ելքը, ձախողումներն ակնհայտ են այն ստորագրված փաստաթղթով, որը շատ վատ փաստաթուղթ է»: Այդ փաստաթղթի արդյունքում ստեղծված իրադրությունից դուրս գալու համար, ըստ Օհանյանի, մենք շատ ջանքեր պետք է ներդնենք։ Բայց՝ «այս պատերազմում հայկական բանակը, արժանի գեներալները, հրամանատարներն ու զինվորները չեն պարտվել, պարտվել է իշխանությունը՝ իր անգրագետ կազմակերպված գործողություններով»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլեւ հերթով կպատժի բոլոր նրանց, ովքեր պահանջում են իր հրաժարականը: Առաջին հերթին նրա թիրախում համայնքապետերն են։ Իրավապահներին հրահանգվել է վարչապետի հրաժարականը պահանջող գյուղապետերի եւ քաղաքապետերի դեմ քրեական գործեր հարուցել, զուգահեռ պարզել, թե ովքեր են աջակցում իր դեմ իրականացվող երթերին ու հանրահավաքներին, կազմակերպչական աշխատանքներ իրականացնում: Հենց այս համատեքստում երեկ քրեական գործ հարուցվեց Էրեբունու նախկին թաղապետ Դավիթ Գրիգորյանի, նրա որդու եւ նախկին տեղակալի նկատմամբ՝ 2020թ. դեկտեմբերի 11-ին մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացնելու եւ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու համար: Իսկ կիրակի օրը իշխանությունը հարձակում է նախապատրաստում Մայր Աթոռի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Սոցցանցերում ակտիվորեն տարածում են եկեղեցու դեմ հարձակման հայտարարությունը: Ընդ որում` այդ հայտարարությունը տարածողները ոչ միայն իշխանական ֆեյքերն են, այլեւ պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը, որը շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականն է»:
«168 ժամ» թերթը գրում է. «Ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօրվա ամենակարևոր հարցերից է․․․ Հանրային-քաղաքական դիսկուրսը օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն»,- երեկ Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շարունակում է մարտահրավեր նետել հասարակությանը, որի դիմադրողականությունը փորձության է ենթարկվում իր արտահայտած ամեն մի մտքից։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության երկուսուկես տարիների ընթացքում հիմնավորապես ապականել է անցյալը՝ Հայաստանի պատմության մեկնակետը համարելով իր՝ իշխանության գալու «զրոյական կետը»։ Ամեն ինչ սկսելով ահա այդ «զրոյական կետից» ու հիմնավորապես ապականած լինելով անցյալը, նա ապականեց նաև Հայաստանի ու հայ ժողովրդի ներկան՝ հանձնելով Արցախը ու զոհելով 5000-ից ավելի հայորդիների։ Այսինքն՝ ընդամենը երկուսուկես տարիների ընթացքում նա կարողացել է ոչնչացնել մի ամբողջ ժողովրդի անցյալն ու ներկան ու այդքանից հետո իրեն թույլ է տալիս խոսել նաև ապագայի մասին։ Այդ մասին խոսելով՝ նա հասարակությանն առաջարկում է իրեն հնարավորություն տալ ապականելու նաև առանց այդ էլ մշուշոտ ապագան։ Երևի այն պատճառով, որ հասկացել է, կամ իրեն հասկացրել են, որ եթե խնդիր է դրված պետությունն ու ազգը ոչնչացնելու վերջնականապես, ապա անհրաժեշտ է պետությանն ու ազգին զրկել ոչ միայն անցյալից ու ներկայից, այլ նաև ապագայից։ Իր այդ ծրագիրը նա իրականացրել է հետևողականորեն ու մեթոդաբար՝ հիմքում ունենալով այն կանխադրույթը, որ անցյալ չունեցող պետությունը չի կարող ունենալ նաև ներկա, իսկ ներկայից զրկված ազգն ապագա չունեցող ազգ է, իսկ անապագա ազգերը, որպես կանոն, չեն ունենում նաև պետություն ու պետականություն։ Ժամանակային այս երեք հանգրվաններում՝ անցյալի և ներկայի հետ պատերազմում Նիկոլ Փաշինյանը հաղթել է։ Բայց նրա առաքելությունը վերջնական կհամարվի այն ժամանակ, երբ նա Հայաստանն ու հայ ժողովրդին կզրկի նաև ապագայից։ Հայ հասարակությունն առայժմ իր անհաղորդությամբ նրան հնարավորություն է տալիս իրագործելու այդ ծրագիրը, որովհետև նույնքան կրավորական է եղել նաև անցյալը պղծելու ու դրանով ներկան թունավորելու քաղաքականության հանդեպ։ Անցյալի ու ներկայի հանդեպ տարած հաղթանակներից հետո Նիկոլ Փաշինյանին մնացել է երրորդ ու ըստ ամենայնի վերջին՝ Հայաստանը նաև ապագայից զրկելու առաքելությունը»:
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ եւս «իմքայլականները» տապալեցին ռազմական դրությունը վերացնելու նպատակով արտահերթ նիստ հրավիրելու՝ ընդդիմության նախաձեռնությունը: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել, որ առնվազն մինչեւ փետրվար ռազմական դրությունը պահպանեն։ Սակայն, ըստ ընդդիմադիրների, խորհրդարանական ընդդիմությունը կկարողանա ամեն օր առանց որեւէ սահմանափակումների այս հարցը դնել քննարկման` ռազմական դրության ռեժիմի անհապաղ չեղարկման պահանջով»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների արդյունքում էապես կսահմանափակվի կոալիցիա կազմելու հնարավորությունը: Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ կոալիցիայի մասնակից ուժերի թիվը չի կարող երեքից ավելի լինել: Սա արվում է կառավարության կայունությունը ապահովելու համար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր վերջին ուղերձում հայտարարեց, թե քաղաքական ուժերի հետ սկսել է խորհրդակցություններ՝ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու օրակարգով, ապա շարունակեց, որ ստեղծված մթնոլորտը լիցքաթափելու նպատակով պատրաստ է սահմանադրական իր լիազորություններից հրաժարվել եւ կադրային ու անվտանգային որոշումները կայացնել խորհրդարանի ու ԱԱԽ-ի հետ համատեղ, սակայն մի քանի օր ընթացող ակտիվ կադրային փոփոխությունների ադյունքում նա դեռեւս պաշտոնների է նշանակում իր մարդկանց եւ աջակիցներին: Արցախում վստահ են, որ Հայկ Խանումյանի եւ Մանե Թանդիլյանի համար անձամբ Նիկոլ Փաշինյանն է միջնորդել: Իսկ նախօրեին արդարադատության նախարար է նշանակել իր աշխատակազմի ղեկավար Կարեն Դանիելյանին, առողջապահության նախարար՝ Միքայել Հայրիյանին, ով Ստեփանակերտի հոսպիտալի բժիշկն է եւ նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել է Հարությունյանին։ Արցախի քաղաքական դաշտում վստահ են, որ Արայիկ Հարությունյանին մտքափոխ է արել Նիկոլ Փաշինյանը, վերջինս իր փորձով խորհուրդ է տվել անտեսել ընդդիմությանը եւ շարժվել սեփական օրակարգով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Քաշաթաղի շրջանի մի քանի տասնյակ բնակիչներ կացարանի խնդիր ունեն։ Մեզ հետ զրուցած քաշաթաղցիները հայտնեցին, որ ժամանակավոր Երևանում են բնակվում՝ մեկը բարեկամի տանը, մյուսը՝ հյուրանոցում, երրորդը՝ վարձով։ Բոլորն էլ դժգոհում էին, որ պատշաճ օգնություն չեն ստացել, թոշակ ու բնակարանային վարձի փոխհատուցում չեն ստացել: Մինչդեռ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Քաշաթաղի շրջանի յուրաքանչյուր բնակչի խնդրին անհատապես ծանոթանալու են և հնարավորության դեպքում փորձելու են օգնել։ Բնակչության և տեղահանվածների թիվը նույնն է, բայց մոտ 8 հազար մարդու մասին է խոսքը: Քաշաթաղցիներից շատերը վրդովված էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից՝ նշելով, որ ընտրություններից առաջ նա վազելով էր գալիս, իսկ այսօր մոռացել է քաշաթաղցիներին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիքի փրկության շարժման քայլերթն ու հիմնը առաջնորդող՝ սաունդթրեք դարձած «Իմ Արցախ, իմ հող ու ջուր, իմ Հայաստան» երգի հեղինակը գյումրեցի հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։ Նա մեզ ասաց, որ երգը հատուկ մեկի պատվերով կամ խնդրանքով չի գրել, այլ գրել է իր ու իր պես մարդկանց համար, եւ այս երգի մեջ իր մտքերն են՝ այն ամենը, ինչին որ ինքը խորապես հավատում է։ «Կարծում եմ՝ երգը սիրվել է, համ էլ նրա համար, որովհետեւ նմանատիպ մտքեր ունեցող ու նմանատիպ բաների հավատացող էսօր ՀՀ-ում շատ ու շատ մարդիկ կան։ Երգը գրվել է շատ արագ, դրել եմ համացանցում, հետո շարժումից դիմեցին՝ ասելով, որ ցանկանում են երգը հնչեցնել երթերի, հանրահավաքների ժամանակ։ Ես դեմ չեղա, դրա համար էլ բաց ցանցում եմ դրել, ոչ մի հեղինակային պրետենզիա այդ երգի հանդեպ չունեմ»,- ասաց Մխիթարյանը։ Խոսքերի ու երաժշտության հեղինակն ինքն է, երգի ձայնագրությունն ու գործիքավորումը կատարել է Հայկ Գասպարյանը, կատարում են ինքը՝ Ռուբեն Մխիթարյանը, Սոֆի Մխեյանն ու Վահե Բեգոյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է արցախյան երկրորդ պատերազմի առնչությամբ պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծել: Այս մասին երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա միեւնույն ժամանակ նշեց, թե հանձնաժողովը կարող է ստեղծվել կառավարության որոշմամբ: Ընդդիմադիր կուսակցությունն առաջարկում է, որ հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր խմբակցությունից պետք է առաջարկվի 4-ական ներկայացուցիչ, իսկ ԱԺ չանցած ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Մենք» դաշինքը՝ մեկական ներկայացուցիչ: Նկատենք՝ 2019 թվականի մայիսի 31-ին խորհրդարանում ստեղծվել էր 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողով: Եվ, ըստ էության, հանձնաժողովի անդամների կազմը նույնն էր, ինչ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովինը: Հանձնաժողովը գլխավորում էր իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Սեպտեմբերի վերջին պետք է հրապարակվեր քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, սակայն նոր պատերազմն, ըստ էության, շեղեց ծրագրերը, եւ մինչեւ այժմ էլ այն հրապարակված չէ:
Ավելին, հանձնաժողովի անդամներից հրապարակային ելույթներ է ունենում միայն Անդրանիկ Քոչարյանը, Տիգրան Կարապետյանը հրաժարվել է մանդատից, մյուսներն էլ խուսափում են խոսել եւ ասել՝ ի վերջո այն կհրապարակվի, թե արդեն անիմաստ է: Երեկ՝ ամբողջ օրվա ընթացքում եւս հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Նշենք, որ մոտ մեկ տարվա գործունեության ընթացքում ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրվեցին եւ ներակայացան 2016 թվականին կարեւոր պաշտոնատար անձինք, այդ թվում` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության այդ ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության բանակի այդ ժամանակվա հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ այլ գլխավոր գործող անձինք: Հանձնաժողով հրավիրված նախկին պաշտոնյաներից միայն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն է, որ հրաժարվել է մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստերին: Հետաքրքիր է, որ տարիներ շարունակ Ապրիլյան պատերազմի ընթացքի, բանակի սպառազինության եւ ապահովվածության մասին մշտապես տարբեր խոսակցություններ են եղել: Սակայն Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովի նիստերի ընթացքում այդ միֆերը, ըստ էության, հերքվել են»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախյան պատերազմի ընթացքում հրապարակվեց այն մասին, որ մի շարք անձինք պատերազմի ընթացքում զենք-զինամթերք են տեղափոխել Հայաստան: Եվ, ահա, Հայաստան զենք զինամթերք տեղափոխելու դեպքերից մեզ կոնկրետ մանրամասներ են հայտնի դարձել, թե ովքեր են կալամավորված եւ ինչ զենք ու զինամթերք են տեղափոխել Հայաստան: Մասնավորապես, Զոհրաբ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք եւ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու շուրջ նախնական համաձայնության գալով Հարութ Միրումյանի եւ Մեսրոպ Գասպարյանի հետ, 2020թ. հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետությունից գործով չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք են բերել հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի 2 ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի 77 փամփուշտ եւ պայթուցիկ սարք հանդիսացող Ֆ-1 տեսակի 1 նռնակ, որոնք ապօրինի պահելով Հարութ Միրումյանի վարած “ՈՒԱԶ” մակնիշի 35 VV 541 հաշվառման համարանիշի ավտոմեքենայում՝ Արցախի Հանրապետության Աղավնո անցակետով դեպի Տեղ եւ Գորիս երթեւեկելու փոխարեն զենքերն ու ռազմամթերքը ապօրինի փոխադրել են այլ` Խոզնավար-Վերիշեն-Գորիս ավտոճանապարհով։ 2020թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Վերիշեն բնակավայրում տեղակայված ՀՀ ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության անշարժ հենակետում հիշյալ ավտոմեքենան կայանելուց հետո կատարված զննությամբ ինքնաձիգները հայտնաբերվել են ավտոմեքենայի բեռնախցիկից, 60 փամփուշտները՝ հետեւի ուղեւորի դռան գրպանից, իսկ նռնակն ու 17 փամփուշտները Մեսրոպ Գասպարյանը ներկայացրել է իր հագին եղած բաճկոնի գրպանից: Վերոնշյալ 3 անձինք կալնավորված են: Նշենք, որ սա պատերազմի ընթացքում հարուցված քրեական գործերից մեկն է, որով նախաքննական մարմինը հայտարարել է նախաքննության ավարտ եւ գործը ուղարկել դատարան»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնապես Հայաստանում ավելացել են բեռնափոխադրումների ծավալները 3.5 տոկոսով: Այս տարվա 10 ամիսներին երկաթուղային բեռնափոխադրումներն են աճել 3.9 տոկոսով, բայց ներհանրապետականի հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալներն աճել են 14 տոկոսով: Աճ արձանագրվել է նաեւ ավտոմոբիլային բեռնափոխադրումների ոլորտում 3.7 տոկոսով: Սակայն ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները, ըստ իրենց նպատակի դիտարկելու դեպքում, տեսնում ենք, որ արտահանումը նվազել է 3.7, իսկ ներմուծումը աճել է 1.7 տոկոսով: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ անկում է արձանագրվել` արտահանման դեպքում` 14.5 տոկոս, իսկ ներմուծումը` 27.3 տոկոս: Հատուկ ուշադրության են արժանի «Մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները. այս դեպքում աճը կազմել է 1.7 տոկոս: Ավելին` բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին, եւ այն էլ՝ կոնկրետ մեկ տեսակի ապրանք` գազ: Այսինքն` կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա 10 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թեկուզ չնչին, բայց ավելացել է»: