Իրանը կողմ է ՌԴ-ի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ հնգակողմ հանդիպման անցկացմանը
Նոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի դադարեցումից հետո, ուստի մենք պետք է քննարկեինք երկկողմ հարցերը։ Այս մասին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, փոխանցում է «ԻՌՆԱ» գործակալությունը։
Նա Մուսթաֆաեւի հետ հանդիպումը կառուցողական է գնահատել եւ հայտարարել է, որ Թեհրանի եւ Բաքվի միջեւ բարձր մակարդակով հարաբերությունների ընդլայնման քաղաքական կամք կա: «Իրանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանը միշտ խաղաղության եւ բարեկամության սահմանն է», - հավելել է Վաեզին, որը դեռեւս 1992 թվականից (այն ժամանակ նա զբաղեցնում էր Իրանի փոխարտգործնախարարի պաշտոնը) միջնորդական գործունեություն է ծավալել ղարաբաղյան հարցում:
Նրա խոսքով՝ նոր իրավիճակը տարածաշրջանում ձեւավորվել է Ղարաբաղում պատերազմի դադարեցումից հետո, եւ Իրանը ելնում է այն դիրքորոշումից, որ այսօրվա դրությամբ «բոլորը պետք է խորացնեն բարեկամական հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ»: «Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ հանդիպման անցկացումը եւ Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հնգակողմ հանդիպման անցկացումը կարող են նպաստել հնարավոր տարաձայնությունների լուծմանը», - նշել է Վաեզին:
Նա նշել է, որ երկու կողմերն էլ այդ հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների միջեւ 2021 թվականի հունվարի 16-ին համատեղ տնտեսական հանձնաժողովի անցկացումը: «Մենք նաեւ պայմանավորվել ենք արագացնել այնպիսի համատեղ նախագծերի իրականացումը, ինչպիսիք են երկաթուղու, ամբարտակի եւ էլեկտրակայանների կառուցումը», - հավելել է նա: