Ռուս խաղաղապահներն անում են հնարավորը Ղարաբաղում իրավիճակի կայունացման համար. Պուտին
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրն ընդհանուր առմամբ հետեւողականորեն իրագործվում է, ռուս խաղաղապահներն անում են հնարավորն իրավիճակը կայունացնելու համար: Այս մասին ելույթ ունենալով ԱՊՀ-ի գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Արդեն նշվել է, որ Ռուսաստանը որոշակի միջնորդական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը կանգնեցնելու, լիակատար հրադադարի հասնելու եւ կայունացման գործընթաց սկսելու համար։ Ընդ որում, մենք ձգտում էինք հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված առանցքային պայմանավորվածություններին», - ասել Է Պուտինը։
Նա հիշեցրել Է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի մասին: «Շփման գծի երկայնքով տեղակայված ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են իրավիճակի նոր սրում թույլ չտալու համար», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը նաեւ նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը բարձրացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկերը:
«Տեղի ունեցած մարտերը, ցավոք, հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի, սրել են Անդրկովկասում առանց այդ էլ բարդ իրավիճակը, ավելացրել են ահաբեկչական սպառնալիքի տարածման ռիսկերը», - ասել է Ռուսաստանի առաջնորդը: