24.11.2024
Հրաշք էր, երբ ասացին, որ ինքնաթիռ է սպասում տուն վերադառնալու համար. գերիներն են պատմել
prev Նախորդ նորություն

Բրյուսելում կանցկացվի ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստը

Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նիստին մասնակցելու է նաև ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին:


ԵՄ խորհրդից հայտնում են, որ մասնակիցները նախ լիագումար նիստում կքննարկեն ԵՄ-Հայաստան հարաբերությունները, ներառյալ քաղաքական երկխոսության և բարեփոխումների, ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հետ կապված հարցեր:


Քննարկումը մասնավորապես կկենտրոնանա ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացման և գործընկերության գերակայությունների վրա:


Մասնակիցները կխոսեն նաև տնտեսական, առևտրային և ոլորտային համագործակցության, ինչպես նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետ կապված այլ հարցերի և ԵՄ հարևանության հետ կապված հարցերի մասին:


Դրանից հետո մասնակիցները սահմանափակ նստաշրջանում կարծիքներ կփոխանակեն Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում 2020-ի նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո իրավիճակի, վերականգնմանն ու հաշտեցմանը աջակցելու գործում ԵՄ դերի մասին: