24.11.2024
Արժանապատվության երթը կմեկնարկի Սասունցի Դավիթ հրապարակում
prev Նախորդ նորություն

Ուզում ենք հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ. անհայտ կորածների հարազատները ՊՆ-ի դիմաց են

Մենք ուզում ենք հանդիպել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ՝ հասկանալու մեր հարցի լուծումը երբ կարող է տեղի ունենալ: Այդ մասին հայտարարում են արցախյան պատերազմում անհայտ կորածների հարազատները, որոնք այսօր՝ դեկտեմբերի 15-ին, բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի ՊՆ-ի դիմաց:


Կորած զինվորներից մեկի ծնող Անահիտ Ադոյանը լրագրողների հայտնել է, որ «այդ հարցի պատասխանն արդեն 55 օր մեզ տանջում է»: «Մենք ուզում ենք հասկանալ, թե մեզ երբ կընդունի եւ երբ կստանանք մեր հարցի պատասխանը: Ամբողջ Հայաստանում եւ անհատների, եւ պաշտոնյաների, եւ պետական մարմինների դիմել ենք: Հայաստանում մեկը չկա, որ դիմած չլինենք: Հիմա մնացել է ամբողջ Հայաստանում Օնիկ Գասպարյանի հետ հաանդիպումը: Ուզում ենք իմանալ՝ ինքը կկարողանա՞ մեզ ընդունել եւ հարցին լուծում տալ»,- ասել է Ադոյանը:


Նա նաև անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին արած հայտարարությանը, որում նա կոչ էր անում անհայտ կորածների հարազատներին «ըմբռնումով մոտենալ և համբերատար լինել». «Ասելը շատ հեշտ է: Հլա մի հատ ծնողի մտքով մտածենք: Եթե մարդիկ իմանան, որ գերի են իրենց որդիները, այդ սպասումը գուցե մի ուրիշ տեսակ լինի: Իսկ երբ նորոշ վիճակ է, դա ուրիշ է: Հա, սպասենք, բայց ինչքա՞ն, մինչեւ երբ»,- ասել է նա՝ հավելելով, որ նախօրեին գերությունից վերադարձած 44 զինծառայողներից մեկը հենց այն զորամասից է, որտեղ ծառայել են իրենց որդիները:


«Մեր այդ զորամասում 17-ը քիմիկներ են, 17-ը մոբեր են, 6-ը հետախուզությունն է եւ մեկը՝ ավտոբուսին վարորդը: վերադարձածը մոբից է», - ասել է նա:


VERELQ-ը հայտնել է, որ 44 հայ գերիներ դեկտեմբերի 14-ին տեղափոխվել են Ադրբեջանից Հայաստան։ Վերադարձան այն քաղաքացիները, որոնց գերեվարման փաստը հաստատվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Բաքվի կողմից։ Նախնական տվյալներով՝ դրանք 30 զինծառայողներ եւ 14 քաղաքացիական անձ են։


ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Երեւանն ու Բաքուն կարողացել են համաձայնեցնել գերիների փոխանակումը "բոլորը բոլորի դիմաց" սկզբունքով: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի տվյալներով՝ ադրբեջանական կողմը պահում է 60 ռազմագերու եւ 40 քաղաքացիական անձի։