24.11.2024
ՌԴ խաղաղապահների մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ Արցախում. կա 2 զոհ
prev Նախորդ նորություն

ԵՄ առաջնորդները պայմանավորվել են ընդլայնել Թուրքիայի նկատմամբ անհատական պատժամիջոցները

ԵՄ անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են ընդլայնել Թուրքիայի նկատմամբ գոյություն ունեցող անհատական պատժամիջոցների ցանկը՝ Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ապօրինի հորատման համար: Այս մասին ասված է այդ հարցի քննարկման արդյունքներով գագաթնաժողովի եզրակացություններում, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"-ն։


«ԵՄ-ի ղեկավարները Խորհրդին հանձնարարել են լրացուցիչ ցուցակները համաձայնեցնել 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշման հիման վրա, որը վերաբերում է սահմանափակող միջոցների՝ կապված Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի ապօրինի հորատման հետ», - ասված է փաստաթղթում: ԵՄ-ն կշարունակի պաշտպանել իր շահերն ու անդամ պետությունների շահերը, նշվում է եզրակացություններում:


Ներկայում գործում են ԵՄ-ի անհատական պատժամիջոցները Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Կիպրոսի տարածքային ջրերում ապօրինի հորատման համար: Նոյեմբերին ԵՄ-ն երկարաձգել է այդ պատժամիջոցների գործողությունը մեկ տարով՝ մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 12-ը: Ապօրինի հորատման համար պատժամիջոցների ցուցակում այժմ Թուրքիայի երկու քաղաքացի կա։ Այդ անձինք, ԵՄ-ի կարծիքով, պատասխանատու են Միջերկրական ծովի արեւելյան մասում օգտակար հանածոների արդյունահանման պլանավորման եւ կառավարման համար, որոնց համար Կիպրոսի կողմից թույլտվություն չի եղել: Միջոցները նախատեսում են ԵՄ տարածք նշված անձանց մուտքի արգելք եւ ակտիվների սառեցում:


Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը եվրոպական գագաթնաժողովի նախօրեին արձանագրել է Թուրքիայի գործողությունների դրական դինամիկայի բացակայությունը Միջերկրական ծովի արեւելյան մասում: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ցանկանում է ավելի կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, սակայն պատրաստ է օգտագործել իր տրամադրության տակ եղած գործիքները, եթե դրական փոփոխություններ չտեսնի: