23.11.2024
Ե՞րբ կվճարվեն զորահավաքային զորակոչով զորակոչված քաղաքացիների նոյեմբերի վճարումները
prev Նախորդ նորություն

Նախագահն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին (նստավայրը՝ ք. Թբիլիսի): Այդ մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերություններին, պատմական կապերի, մշակութային ու հոգևոր ժառանգության ընդհանրության վրա հիմնված համագործակցության խորացմանը:


Սուրբ Աթոռի պատվիրակը նշել է, որ Հայաստանում է որպես Նորին Սրբություն Հռոմի Պապի ներկայացուցիչ և երկրի բարեկամ: Նա Հանրապետության նախագահին իր ցավակցություններն է հայտնել պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների կապակցությամբ՝ նշելով, որ Ֆրանցիսկոս Պապը, որն առանձնահատուկ հարաբերություններ ունի Հայաստանի և հայերի հետ, պատերազմի առաջին իսկ օրերից կարևորել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:


Հանդիպմանը նաև մտքեր են փոխանակվել պատերազմից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի, մասնավորապես, հայ հոգևոր, պատմական և մշակութային ժառանգության պահպանության, մարդասիրական մի շարք խնդիրների շուրջ: Պատվիրակը Սուրբ Աթոռի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ ժառանգության պահպանմանը:


Նախագահ Սարգսյանը և արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրն անդրադարձել են նաև ռազմագերիների և պատանդների վերադարձի հարցին: Հանրապետության նախագահը ողջունել է այդ ուղղությամբ գործադրվող ցանկացած ջանք և նշել, որ նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ խնդրի լուծմանը որպես միջնորդ աջակցելու համար, ինչպես նաև միջազգային գործընկերների առջև բազմիցս բարձրացրել է հումանիտար իրավունքի անվերապահ պահպանման, գերությունում գտնվող հայ զինվորների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի խնդիրը: Նա ընդգծել է, որ շարունակելու է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել և օգտագործել իր բոլոր հնարավորություները: