23.11.2024
ՊՆ-ն՝ գերի կամ անհայտ կորած զինծառայողների իրավական և սոցերաշխիքների ապահովման մասին
prev Նախորդ նորություն

Ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չէ հանել օրակարգից. Այվազյան

Ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չէ հանել օրակարգից․ Արա Այվազյան
Ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չէ հանել օրակարգից, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը Փարիզում դեկտեմբերի 8-ին իր ֆրանսիացի պաշտոնակից Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսին։


Լրագրողի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունները վերականգնելու և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը սահմանելու մասին հարցին Արա Այվազյանը պատասխանել է․


«Ինքնորոշման իրավունքը եղել է բանակցային գործընթացի հիմնասյուներից մեկը, և ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չէ հանել օրակարգից: Ադրբեջանը և Թուրքիան, սկսելով ռազմական ագրեսիան Արցախի ինքնորոշման դեմ, խախտել են միջազգային իրենց պարտավորությունները, իսկ Ադրբեջանը խախտել է նաև խաղաղ բանակցային գործընթացի իր պարտականությունները:


Սեպտեմբերի 27-ից ի վեր մինչ օրս, միջազգային հանրության մոտ ընկալման նոր ջրբաժան տեղի ունեցավ, որովհետև միջազգային հանրությունը հասկացավ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սոսկ տարածքային վեճ չէ: Եվ Արցախի բոլոր այն հատվածներում, որոնք անցան Ադրբեջանի հսկողության տակ, տեղի ունեցան էթնիկ զտումներ և ռազմական հանցագործություններ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է անհրաժեշտությունն անդրադառնալ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: Միայն այդ դեպքում, ինձ թվում է, հնարավոր է հասնել տևական և արդար խաղաղության, և միայն այդ ժամանակ կարելի է մտածել Հարավային Կովկասում խաղաղ գոյատևման և նոր ժամանակաշրջանի մասին»: