Ռուս զինծառայողները լրացուցիչ բուժկետեր են տեղակայել Լեռնային Ղարաբաղում
ՌԴ զինվորական բժիշկները Լեռնային Ղարաբաղում առաջնային բուժօգնության լրացուցիչ կետեր են տեղակայել: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում։
«Ռազմական բժիշկների կողմից առաջնային բուժօգնություն ցուցաբերելու համար լրացուցիչ բժշկական կետեր են տեղակայվել Ստեփանակերտի, Խոջալուի բնակավայրերում եւ Լաչինի միջանցքի ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետում», - ասել են ռազմական գերատեսչությունում: Նախարարությունում պատմել են, որ այդ կետերում ընդունելություն են իրականացնում տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև օգնություն են ցուցաբերում հոգեբանները:
«Լրացուցիչ բժշկական կետերը հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով եւ հնարավորություն ունեն տեղում անցկացնել հիվանդների զննում եւ առաջնային ախտորոշում», - ընդգծել են Պաշտպանության նախարարությունում:
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռուս զինվորական բժիշկներն օգնություն են ցուցաբերել գրեթե չորս տասնյակ հիվանդների, նրանց թվում՝ հինգ երեխաների: Լեռնային Ղարաբաղում բժշկական ստորաբաժանումների կազմում աշխատում են ավելի քան 60 մասնագետներ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ համաճարակաբաններ: