Թուրքիան պետք է դուրս բերի իր ԶՈՒ-ն ու զինյալներին Ղարաբաղի հակամարտության գոտուց. ԱԳՆ
Թուրքիան՝ որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրիչ և ոգեշնչող այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն: Այս մասին Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:
Նրա խոսքով, դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները` ստիպելու համար Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը:
«Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից: Դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դուրսբերման հստակ ազդակներ: Ընդհակառակը՝ առկա են հավաստի տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և նրանցով վերաբնակեցնել Արցախի օկուպացված շրջանները»,- ասաց նա: