ԼՀԿ-ն առաջարկում է ֆինանսական աջակցություն տրամադրել գերեվարվածների ընտանիքներին
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որը կոչված է ապահովելու անհայտ կորած կամ գերության մեջ հայտնված անձանց ընտանիքների ֆինանսական ապահովման հարցերի կարգավորումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանը նշել է, որ գործող օրենքը նախատեսում է, որ գերեվարված պայմանագրային զինծառայողների պաշտոնական դրույքաչափերը պահպանվում են, սակայն տրվում են միայն այն բանից հետո, երբ հաստատվի, որ նրանց գերեվարումը ինքնագլուխ կամ կամավոր բնույթ չի կրել: Գործող օրենքով, փաստորեն, գերեվարված զինծառայողները դիտարկվում են որպես մեղավոր, քանի դեռ հակառակը չի ապացուցվել, նշել է պատգամավորը։
«Այլ կերպ ասած՝ խախտվել է Սահմանադրությունում ամրագրված անմեղության կանխավարկածը։ Ավելին` դա բացարձակապես այն վերաբերմունքը չէ, որն արժանի է զինծառայողին», - հայտարարել է նա։ ԼՀԿ մշակած օրինագծով այդ բացը լրացվում է։
Բացի այդ, շարունակել է Մարուքյանը, գործող օրենսդրությունը պետական աջակցություն չի նախատեսում անհետ կորած զինծառայողների, գերեվարված ժամկետային զինծառայողների, ինչպես նաեւ կամավորների եւ քաղաքացիական անձանց ընտանիքներին:
ԼՀԿ մշակած օրինագծով առաջարկվել է ամսական ֆինանսական օգնություն տրամադրել գերության մեջ հայտնված կամ անհայտ կորած կամավորների եւ զինծառայողների ընտանիքներին: Ամսական ֆինանսական օգնությունը, ըստ օրինագծի, տրամադրվելու է նաև գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց ընտանիքներին: