23.11.2024
Մահացել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը
prev Նախորդ նորություն

Փաշինյանը խախտել է սահմանադրական կարգը. Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը Կառավարության դիմաց հացադուլ է հայտարարել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նաեւ երեկվանից հացադուլի մեջ գտնվող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:


«Հացադուլին միանալ է ցանկանում ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը։ Հավելյալ պահանջով՝ Սահմանադրական կարգը տապալելու փաստով։ Խնդրում ենք նրան տարիքի ու առողջականի պատճառով չմիանալ»:


«Ես համոզված էլ չեմ, որ կարող եմ երկար ձգել, բայց հանուն հայրենիքի եթե մեր քաջ զինվորները գնացին զոհվեցին, ես էլ պատրաստ եմ այստեղ մեռնել՝ արդարության հասնելու համար: Հացադուլ եմ հայտարարել՝ մինչեւ իր հրաժարականին հասնելը», - կառավարության մոտ լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է Կիմ Բալայանը:


Նրա խոսքով, Փաշինյանը խախտել է սահմանադրական կարգը, քանի որ, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, կնքել է միջազգային պայմանագիր, սակայն դա ընթացակարգերով չի սահմանվել:


«Պայմանագիրը նախեւառաջ պետք է բերվեր ՍԴ, ՍԴ-ն պետք է որոշեր, որ պայմանագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, պետք է այն գնար ԱԺ եւ վավերացվեր: Այդ կարգը նա խախտել է, հետեւաբար տապալել է սահմանադրական կարգը, եւ պետք է այդ փաստով զբաղվեն իրավապահ մարմինները»,- նշել է Բալայանը:


Նշենք, որ Կիմ Բալայանը պաշտպանության՝ արդեն նախկին փոխնախարար Գաբրիել Բալայանի, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի եւ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հայրն է: