Մոսկվայում ԱՊՀ երկրների ինստիտուտում տեղի է ունեցել միջազգային «Լազարեւյան ակումբի» խորհրդի արտահերթ նիստը:
Հայաստանից հանդիպմանը ժամանել էին Ակումբի խորհրդի անդամներ, ՀՀ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը, քաղաքագետ Վիկտոր Սողոմոնյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Ռուսական կողմից մասնակցում էին Ակումբի խորհրդի համակարգող, Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը եւ Խորհրդի անդամները` «Մոնառխ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, «Լազարեւյան ակումբի» մոսկովյան տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գազազյանը, Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը, «Ժուռնալիստների բարեկամություն» մեդիակոնգրեցի նախագահ Աշոտ Ջազոյանը, ինչպես նաեւ Ակումբի ընկեր, «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ-ի նախագահ Սեյրան Բաղդասարյանը եւ այլոք:
Մասնակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը` 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ինչպես նաեւ` ռուս-հայկական հարաբերությունների եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր:
Բացի այդ, մասնակիցները քննարկել են Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունների միջեւ փոխգործակցության հնարավորությունները` ռազմական գործողություններից տուժած Արցախի Հանրապետության բնակիչներին օգնելու գործում: Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների բռնկումից անմիջապես հետո «Լազարեւյան ակումբը» հայտարարեց Ռուսաստանում եւ Հայաստանում կամավոր նվիրատվությունների հավաքագրման մասին արցախցիներին օգնության համար: Այս պահի դրությամբ Ռուսաստանի եւ Հայաստանի ոչ անտարբեր քաղաքացիների ջանքերով հավաքվել է շուրջ 10 միլիոն ռուբլի:
Ակումբի խորհուրդը որոշել է շարունակել դրամահավաքը, որից ստացված գումարը կօգտագործվի նպատակային կերպով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր նախագահներից կազմված կոմիտեի որոշմամբ:
Կոնստանտին Զատուլինը նշել է. «Մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավը եւ միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ այս փուլում այլ լուծում չկա, քան Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ նշված դրույթների կատարումը: Կարեւորը, եւ դրա հետ համաձայն են մեր ակումբի բոլոր անդամները, այն է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարել են, եւ քաղաքացիական անձինք այլեւս չեն զոհվում: Մենք հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ պետք է լուծվի, եւ դա հեշտ որոշում չի լինի: Ըդն որույմ, այսօր հիմնական խնդիրը փախստականների հարցն է, աջակցությունն իրենց տները եւ հարազատներին կորցրած ընտանիքներին: Կարեւոր հարց է մնում նաեւ մշակութային արժեքների պահպանումն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում:
Ցանկանում ենք հանգստացնել հայ հասարակությանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը Թուրքիայի մասնակցության վերաբերյալ տեղեկատվության լցոնման կապակցությամբ: Դա բացառվում է, ինչի մասին բազմիցս հայտարարել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, լիազորված դիվանագետներն եւ Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները»:
Խորհրդի անդամները նախատեսել են «Լազարեւյան ակումբի» չորրորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում` երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կայունացումից եւ համաճարակաբանական իրավիճակի բարելավումից հետո 2021 թվականի առաջին կեսին: