Արցախի Մարտակերտի շրջանի 6 գյուղի բնակիչներ տարհանման հրահանգ են ստացել: Այդ մասին պատմել է Շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը՝ նշելով, որ տարհանման հրահանգն անակնկալ է եղել, իսկ 6 գյուղի բնակիչներից որոշները հրադադարից հետո վերադարձել են իրենց տները:
Հայկ Բախշիյանը նշել է, որ խոսքը Հովտաշեն, Կարմիրավան, Նոր Մարաղան, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Հայկաջուր գյուղերը տարհանելու մասին է: Նրա խոսքերից պարզ է դառնում, որ տարհանման հրահանգը տրվել է Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքների շրջանակում:
«Առայժմ պարզ չէ, թե ինչպես է սահմանն անցնելու․ ադրբեջանական զորքերն են առաջ գալու, նաեւ խաղաղապահներն են տեղակայվելու», - ասել է նա՝ հավելելով, որ այս պահին միայն կարող է ասել, որ տեղահանվելու հրահանգ կա։ «Առայժմ իրենց պետք է ժամանակավոր տեղավորենք Մարտակերտում»,- ասել է նա։
Վարչակազմի ղեկավարը նշեց, որ բնակիչները տեղափոխվելու համար մեկ օր ժամանակ ունեն՝ մինչեւ նոյեմբերի 19-ը, ժամը 23։00-ն։
Տեղեկությունը հաստատում է նաև Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների:
"Հայտարարության մեջ նշված է, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը: Նշված բնակավայրերը, ինչպես նաև Ակնա բնակավայրը (Աղդամ), ըստ ադրբեջանական կողմի, գտնվում են Աղդամի շրջանում:
Այսօրերին պետական միջամտությամբ միջոցներ են ձեռնարկվում նշված գյուղերի ավելի քան 2000 բնակչի գույքի տեղափոխման, կեցության ժամանակավոր վայրերի ու այլ միջոցների ապահովման ուղղությամբ", - ասված է հայտարարության մեջ: