24.11.2024
ԼՂՀ ՊԲ-ն ներկայացրել է ադրբեջանական խոցված ռազմական ուղղաթիռի իրերը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպանը վստահ է, որ Օբաման հզոր հայտարարություն է արել ցեղասպանության վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շատ հզոր և ուժեղ հայտարարություն է արել 20-րդ դարի վատթարագույն ողբերգության վերաբերյալ: Այս մասին ապրիլի 24-ին Ծիծառնակաբերդում ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

"Ինձ համար պատիվ է ներկայացնել Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին, երբ հարգանքի տուրք է մատուցվում այն դեպքերի հիշատակին, որն, ԱՄՆ նախագահի խոսքերով, 20-րդ դարի վատթարագույն ողբերգություններից էր", - ասել է Միլստը, հայտնում է tert.am-ը: «100 տարի առաջ միլիոնավոր հայեր մահվան երթերով, կոտորածների ու տեղահանություններին զոհ գնացին: Մենք այսօր հիշատակի տուրք ենք մատուցում նրանց և ներդրում ունենում, որպեսզի նման դեպքեր երբևէ չկրկնվեն»,-ասաց դեսպանը:

Լրագրողի հարցին, թե Ռիչարդ Միլսն ինչպես է վերաբերում փաստին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր խոստումը չկատարեց և դարձյալ «ցեղասպանություն» բառը չօգտագործեց, դեսպանը պատասխանեց. «Կարծում եմ՝ երեկ նախագահը շատ հզոր, ուժեղ հայտարարություն է արել: Նա դեպքերը որակեց որպես 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկը: ԱՄՆ նախագահը հավատարիմ է մնում այն հանձնառությանը, ինչին ձգտում ենք մենք բոլորս՝ դեպքերի լիարժեք, ամբողջական և արդարացի ճանաչմանը: ԱՄՆ նախագահը շարունակում է հավատարիմ մնալ աշխատելու այն ուղղությամբ, որպեսզի լիարժեք և ամբողջական կերպով ճանաչվեն դեպքերը»:

Այն հարցին, թե այդպիսով, Բարաք Օբաման գուցե չի ցանկանում Թուրքիայի հետ հարաբերությունները վատացնել, դեսպանը պատասխանեց. «Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ իր նպատակը ճշմարտությունն է և երկու հասարակությունների միջև հաշտեցումը, նա շարունակում է հավատարիմ մնալ այդ հանձնառությանը:Այստեղ լինելով և հավերժական կրակի մոտ հարգանքի տուրք մատուցելով՝ մեկ անգամ ևս հաստատում ենք այդ հանձնառությունը»:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ ապրիլի 22-ի տարեկան իր ելույթում կրկին խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից՝ օգտագործելով Մեծ եղեռն տերմինը: Հայոց ցեղասպանության ճանաչումն Օբամայի նախընտրական խոստումն էր: Սակայն, դառնալով նախագահ 2009 թվականին, նա այդպես էլ չարտաբերեց «ցեղասպանություն» բառը հայերի ոչնչացումը նկարագրելուց, սահմանափակվելով «Մեծ Եղեռն» եզրույթի կիրառմամբ: