Նալբանդյան. Լավրովի հետ հանդիպմանը տարածքների զիջման հարց չի քննարկվել
Ադրբեջանը ձախողվեց բանակցություններում, դրա համար փորձեց ռազմական ճանապարհով գտնել լուծումներ, սակայն ռազմական ճանապարհին էլ ձախողվեց: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ Ադևբեջանն այժմ ստիպված է լինելու վերադառնալ բանակցությունների սեղան, քանի որ դրանց այլընտրանք չկա, հայտնում է armtimes.com-ը:
Անդրադառնալով օրերս ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը բանակցային որևէ փաթեթ չի քննարկվել, այդ թվում` տարածքների զիջումների մասին չի խոսվել:
«Ընդհանրապես կան առաջարկներ եռանախագահների կողմից հինգ հայտարարությունների մեջ, որոնց հիմնան վրա Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ կարող է շարունակել բանակցությունները, գնալ կարգավորման, բայց Ադրբեջանն անտեսում է: Սա է իրականությունն ու պատճառը: Դրա համար միջազգային հանրությունը պետք է փորձի անել հնարավորինը, որ Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ: Առաջարկները, որ արվել էին, եթե ձեռնտու լինեին Ադրբեջանին, չէր մտնի փակուղի, չէր գնա այս գործողություններին»,- ասաց արտաքին գործերի նախարարը:
Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների արդյունքում բանակցություններին լուրջ վնաս է հասցվել, ու եռանախագահների հետ պետք է ջանքեր գործադրել, որ այդ հարվածը, որ հասցվել էր խաղաղ կարգավորմանը, վերկանգնվի: «Կան զոհեր, իսկ դա անվերականգնելի է, ու միջազգային հանրությունը դրանով է զբաղված, որ հանրավոր լինի Ադրբեջանին կարգի հրավիրել, բերել կառուցողական դաշտ, որպեսզի բանակացությունները շարունակվեն, քանի որ դրանց որևէ այլընտրանք չկա»,- եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը:
Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 500-ը: Հայկական կողմն ունի 92 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: